Դատախազությունում կրքերը թեժանում են. դատարանի հայցն ու դատախազի սպասվող հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունում կրքերը թեժանում են: Բանն այն է, որ, ըստ դատախազների շրջանում տարածված լուրերի, մինչեւ տարեվերջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական կտա: Ի դեպ, մերտեղեկություններով` վերջինիս քայլը մի հանգամանքով է պայմանավորված:

2019 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել իրեն:

Սեպտեմբերի 24-ին գրել էինք, որ այս որոշումիցհետո ՀՀ գլխավոր դատախազությունում իրավիճակ է փոխվել, քանի որ, ըստ համակարգում տարածված լուրերի, Գագիկ Ջհանգիրյանը վերականգնվելու է նախկին աշխատանքում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվ քննարկումների նոր փուլ էր սկսվել: Դատախազությունում ասում են, որ Գագիկ Ջհանգիրյանը մեկ տարի հետո անցնելու է թոշակի, ու համակարգում չեն բացառում, որ նա կվերականգնվի իր նախկին պաշտոնում, որիցհետո էլ, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների հետիր կապը, կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ:

Իրավաբանների շրջանում տարածված խոսակցություններ կան, որ հնարավոր է` Գագիկ Ջհանգիրյանի` պաշտոնի վերականգման հարցը լուծվի այլ ճանապարհով, մասնավորապես` ՀՀ վարչապետի կամ ՀՀ նախագահի կողմից համապատասխան որոշումով:

Եվ, ահա, այս իրավիճակին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 29-ին Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահի: Վերջինսիր հայցով պահանջում է 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա եւ ՆՀ-29-Ա հրամանագրերն առոչինչ ճանաչել:

Իսկ ի՞նչ հրամանագրերի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել` Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի` նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Որպես իր միջնորդության հիմնավորում` գլխավոր դատախազը մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Իսկ ավելի վաղ, Ջհանգիրյանը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթունեցել առաջին նախագահի հանրահավաքում:

Սույն գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր այս քայլը ուղղված է այն նպատակին, որ ցանկանում է ՀՀ գլխավոր դատախազ դառնալ: Ի պատասխան` վերջինս ասաց. «Համբերե՛ք, տեսնենք` այդ գործը վարույթ կընդունվի ,թե ոչ, որեւէ այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»: Մեր լրացուցիչ դիտարկմանը` արդյոք նա այս իր քայլերով նպատակ ունի՞ դառնալ ՀՀ գլխավոր դատախազ, Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց. «Նպատակը այնտեղ նշված է, վերջ, որեւէ այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»:

Սակայն նկատենք, որ Գագիկ Ջհանգիրյանի քայլերը խիստ հուզումներ են առաջացրել ՀՀ գլխավոր դատախազությունում, եւ լուրեր կան, որ Գագիկ Ջհանգիրյանի` համակարգ վերադառնալու քայլերը իրավիճակ են փոխելու ՀՀ գլխավոր դատախազությունում, եւ չի բացառվում, որմինչեւ տարեվերջ պաշտոնից ազատման դիմում գրի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Այս կապակցությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Զառանցագին, բամբասանքային տեղեկություններըչենք մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»:

Ի՞նչ է պատրաստվում անել նախագահականը. ի վերջո, սա ոչ թե իրավական հարց է, այլ քաղաքական: Ի պատասխան` ՀՀ նախագահականից հայտնեցին. «Նախագահի աշխատակազմը հայցադիմումի օրինակ չի ստացել»:

Քնար Մանուկյան




Լրահոս