ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2020-ին ծառ տնկելու ցանկություն կա, տնկելու փող՝ չկա. ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը պետք է իրականացնի ու վերահսկի 2020 թվականին Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքները: Հիշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունը ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: «Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի շուրջ եւ Հայաստանում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կգլխավորի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, սոցապ փոխնախարար Գ. Գասպարյանը եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, տեղեկացնենք, որ, ըստ անկախ բնապահպանների, այդ ծավալի աշխատանքներին պետք է նախապես պատրաստվել` ունենալ մշակված հողատարածք, ոռոգման հնարավորություն ու մեծ գումար` 10 մլն տնկի ձեռք բերելու համար: Մյուս կողմից` նկատենք, որ հաջորդ տարի անտառվերականգնման համար բյուջեում 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն:

Ըստ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում. «Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գործընկերների հետ` տնկիներ ձեռք բերելու, համատեղ ծրագիր իրականացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, եւ գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ` բիզնես կառույցներ, դպրոցներ, այնպես էլ սփյուռքի»: Ասել է թե՝ ծառ տնկելու ցանկությունը կա, բայց տնկի գնելու փող չկա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս