Ինչու՞ է Գաբի Գալոյանը մերժել արտերկրում ապրելու և աշխատելու հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Գաբի Գալոյանն այս տարվա աշնանը հնարավորություն է ունեցել մշտական բնակություն հաստատելու Միացյալ Նահանգներում, սակայն մերժել է գործնական առաջարկն ու նախընտրել ապրել հայրենիքում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ պայմանագիրը, որն առաջարկվում էր, ենթադրում էր, որ ինքը պետք է ապրի եւ ստեղծագործի ԱՄՆ-ում: «Չկարողացա համակերպվել այն մտքի հետ, որ կարող եմ Հայաստանում չապրել: Չկարողացա կտրվել իմ հողից, ընտանիքից, մտերիմներից: Ասեմ, որ միանգամից եմ մերժել այդ գայթակղիչ առաջարկը, չեմ ստորագրել երկարաժամկետ պայմանագրի ներքո եւ ամենեւին չեմ երկմտել»,-մանրամասնեց Գաբին՝ հավելելով, որ իրեն օդ ու ջրի պես հարկավոր է հայրենիքը:

Առջեւում Ամանոր է, եւ երգչուհին, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պատրաստվում է նկարահանվել Հանրային հեռուստաընկերության ամանորյա ֆիլմում: Բացի այդ, նա մտադիր է թողարկել նոր տեսահոլովակ: «Երգը ուրախ է, պարային, այն պարունակում է ազգային երգի մոտիվներ, այնպես որ, շատ չենք հեռացել իմ նախընտրելի ուղուց: Տեսահոլովակը պատրաստ կլինի գարնանը: Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի: Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է ստացվելու»,-ասաց երգչուհին, որն, ի դեպ, պատրաստվում է առաջիկայում մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջոցառման:

Գաբին վաղուց Ձմեռ պապիկին նամակ չի գրում, ասում է՝ ինքն է բոլորի Ձմեռ պապիկը, իսկ վերջինս մոռացել է իրեն: «Ամեն դեպքում, նրանից խնդրում եմ փոփոխություններ անձնականում եւ գործնականում: Հեղափոխություն է պետք բոլորիս կյանքերում: Ուզում եմ բոլոր այն նախագծերը, որոնք սկսել եմ, հասցնեմ իրենց հաջող ավարտին: Ցանկանում եմ ակտիվ աշխատել, եւ որ համերգային շրջագայություններս շարունակվեն այն նույն տեմպով, ինչ վերջին երեք տարում»,-մեկնաբանեց երգչուհին:

Նա հավելեց, որ մյուս ցանկություններն առնչվում են երկրի բարօրությանը: «Ամեն մեկս մեր լուման պետք է ներդնենք անգամ զրկանքների գնով, որպեսզի արդարացնենք այն հույսերը, որ փայփայել ենք: Բոլորիս գերխնդիրը պետք է լինի Հայաստանում մնալն ու երկրին օգնելը»,-եզրափակեց Գաբին:

Անի Անտոնյան




Լրահոս