«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են ունենում:
-Պարո՛ն Ղազինյան, ըստ տեղեկությունների` Դուք առաջիկայում միանալու եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ու միասին քաղաքական գործունեություն եք սկսկելու, համագործակցելու եք: Որքանո՞վ է իրատեսական այս տեղեկությունը:
-Որեւէ մեկը մյուսին միանալու խնդիր չի դրել, սովորական քաղաքական կոնսուլտացիաներ են, որը վարում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, բոլոր քաղաքական սուբյեկտների հետ: Պարոն Վանեցյանի հետ պատահական հանդիպեցինք օդանավակայանում, միասին եկանք Երեւան եւ առիթը օգտագործեցինք շփվելու: Վաղուցվա ծանոթներ ենք, դեռ բավական երկար ժամանակ մինչ, այսպես կոչված, հեղափոխությունը, հետհեղափոխական շրջանում մեր շփումները չեն դադարել:
Քաղաքական թեմաներն էլ չենք շրջանցել, քննարկել ենք, խոսել ենք.. իրավիճակը, գնահատականը, վերլուծություններ: Բայց որեւէ բան չկա, որեւէ պայմանավորվածություն չունենք, գնում են զրույցներ, քննարկումներ: Մենք խոսում ենք ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, օրակարգերը հստակեցնելու խնդիր կա, անելիքների առումով հստակեցումներ մտցնելու: Նոր ձեւավորված քաղաքական ուժ է, փորձում ենք հասկանալ օրակարգի հստակությունը, անելիքների մասը, ինչ ունենք, ոնց ձեւակերպենք, ոնց ներկայանանք, մնանք հավատարիմ սկզբունքներին:
Մենք արդեն ընդդիմություն ենք: Կա մի օրինաչափություն` եթե իշխանության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես, բնականաբար, գտնվում ենք ընդդիմադիր դաշտում:
-Կոնկրետ ո՞ր ուժերի հետ եք հանդիպումներ ունեցել:
-Հիմա Հայաստանի քաղաքական օրակարգում կա մեկ հարց, դա Արցախի հիմնախնդիրն է, այլ կարեւոր հարց, կարծես թե, մենք չունենք, դրա համար բոլոր խորհրդակցություններն անցկացվում են այդ հիմնախնդրի շուրջ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ