Չծառայելն ամոթ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետքը» շարունակում է ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների եւ նրանց որդիների ազատման հիմքերի ուսումնասիրությունը, ու բավականին ուշագրավ պատկեր է ստացվել: Մասնավորապես, 88 անդամ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունում 23-ը կին են, խմբակցության 65 տղամարդ պատգամավորներից զինծառայությունից ազատվել են 29-ը` գրեթե կեսը:

ԱԺ-ում երկրորդ խմբակցության` «Բարգավաճ Հայաստան»-ի 26 պատգամավորներից 5-ը կանայք են, 21 տղամարդ, որոնցից չեն ծառայել 5-ը:

Խորհրդարանական ամենափոքր «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներից 4-ը կանայք են, մյուս 14 պատգամավորներից չեն ծառայել 4-ը:

Համաձայնեք` տխուր պատկեր է: Մարդիկ, որոնք երկրում ստանձնել են օրենքներ գրելու, ՀՀ քաղաքացիների կյանքը թեթեւացնելու պետականաշինության գործառույթը, իրենք իրենց տեղում` որպես շարքային քաղաքացիներ, այս կամ այն պատճառով զլացել են պարտքը տալ պետությանը: Նրանք` որպես տղամարդ, չեն համարել դա իրենց կյանքի ամենակարեւոր պարտականությունը:

Ի վերջո, զինվորական ծառայությունը ոչ միայն պետության, այլ նաեւ սեփական խղճի հանդեպ ունեցած պարտավորություն է, որը պետք է իրականացնել: Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնք հանգիստ խղճով (կլինի առողջական, կրթական, թե այլ հնարովի հիմքերով) ազատվել են բանակից ու հիմա հպարտ խոսում են հայրենասիրությունից, երկրի զարգաման իրենց տեսլականից եւ այլն:

Այս տեսակը, իհարկե, նախկինում էլ է եղել, այսօր էլ, ցավոք, կա նաեւ իշխանության մեջ, ընդ որում` գերակշռող կազմով: Ու սա ամենեւին չի արդարացնում կամ մեղմացնում իրավիճակը, քանի որ նախկինն արդեն մերժված է` իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Եւ որպեսզի իրավիճակից ելքեր գտնվեն, առնվազն այս մարդիկ պետք է դիմում գրեն ՊՆ-ին, խնդրեն գոնե մի քանի ամսով հնարավորություն տալ շարքայինի կամ սերժանտի կարգավիճակում ամենաբարդ հատվածներում ծառայություն անցնելու…

Դրանից հետո միայն զինծառայությունից խուսափած տղամարդիկ իրավունք կունենան խոսելու պետության, պետականության մասին հիշատակում պարունակող որեւէ թեմայով, հակառակ դեպքում նրանք ուղղակի պիտի ամոթից գլուխները կախեն, քանի որ ինչ հիմք էլ որ լինի նրանց ազատության համար, վերջնարդյունքը նույնն է` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներ, ազատվածներ: Սրանով, թերեւս, ամեն ինչ ասված է:




Լրահոս