Բարձրաշենի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանորոգել համայնքի դպրոցը՝ աշակերտների դասապրոցեսը պատշաճ ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարձրաշենցիները պնդում են, որ դպրոցը հին է և շահագործման համար վտանգավոր:

«Այժմ մարզպետի մոտ եմ գնալու, որպեսզի հասկանանք, թե ինչ լուծում կարող ենք տալ այս խնդրին: Կքննարկենք, կխորհրդակցենք մասնագետների հետ, ինչից հետո պարզ կլինի, թե մոտավորապես ինչ ժամկետներում խնդիրը կկարգավորվի և ինչ առաջարկներ կլինեն հոսանքի լարումը բարձրացնելու, ավելի շատ էլեկտրական ջեռոցներ ձեռք բերելու համար»,- նշեց Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը:

Դիմելով դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտների ծնողներին՝ Բարձրաշենի դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը նշեց, որ 1 մլն 380 հազար դրամ է տրամադրվել ջեռուցման համակարգի բարելավման համար:

«Բյուջեով նախատեսված այդ գումարը չի բավականացնում տվյալ խնդիրը լուծելու համար, քանի որ, օրինակ, էլեկտրասյան նորոգման համար ծախսել ենք 480 հազար դրամ: Մեր դպրոցում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 11 աստիճան, և բոլորս ստիպված ենք լինում վերարկուներով աշխատել ձմռան այս ամիսներին: Անձամբ գնացել եմ ՀՀ առողջապահության նախարարություն, ներկայացրել իրավիճակը, սակայն՝ ոչ մի արձագանք: Պատճառաբանում են, թե դպրոցը սեյսմիկության խնդիր ունի և առաջնահերթ դա պետք է լուծել, ինչից հետո հոսանքի խնդիրը»,- ասաց դպրոցի տնօրենը:

Թովմասյանը դիմել է Կառավարությանը, որպեսզի աջակցեն դպրոցի սեյսմիկության հարցը լուծելուն, իսկ մնացած հարցերն իրենք կկարգավորեն:




Լրահոս