Armenian text to speach

Ինչ է կատարվում գազի սակագնի շուրջ. փոխվարչապետի պարզաբանումը. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ չի բացառվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից մեզ հայտնեցին, որ ներկայումս քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ArmLur.am-ի հարցին՝ կոնկրետ երբ կդիմեն ՀԾԿՀ, ընկերության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարեն։

ArmLur.am-ը գազի սակագնի վերանայման հարցի շուրջ զրուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարել էիք, որ գազի գինը չի բարձրանա մինչեւ ապրիլ, բայց «Գազպրոմ Արմենիա» ընկերությհունից այսօր ArmLur.am-ին հայտնեցին, որ գազի սակագնի վերանայման հարցը քննարկում են եւ չի բացառվում, որ հայտ կներկայացնեն ՀՀ հանրային ծառայությունները կարագովրող հանձնաժողով…

-Ես նորից կրկնում եմ եւ պնդում, որ մինչեւ ապրիլ գազի գինը չի թանկանա: Կարող եմ հավելել, որ իմ կարծիքով կամ վստահ եմ, որ մինչեւ ապրիլ նույնիսկ հայտ չի ներկայացվի: Ես կարող եմ նաեւ ասել, որ սահմանին գազի գինը չի փոփոխվել 2020 թվականի համար: Ես կարող եմ նաեւ ասել, որ մինչեւ ապրիլ շարունակում ենք քննարկումները եւ բանակցությունները: Եթե ապրիլից հետո ընկերությունը ցանկություն կունենա հայտ ներկայացնել կամ նպատակահարմար կհամարի, դա իրենց իրավունքն է: Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա այդ հայտի բովանդակությունը քննարկվելու է բաց եւ հրապարակային եւ բոլոր մտահոգիչ հարցերի պատասխանները բոլորը կունենան, եթե նման հայտ ներկայացվի: Բայց ապրիլի 1 ամսաթիվը ուժի մեջ է՝ թե թանկացման, թե չթանկացման եւ նույնիսկ հայտ ներկայացնելու մասով, որովհետեւ նման պայմանավորվածություն կա, որը կարծում եմ չի խախտվի:

-Այնունամենայնիվ, պարոն Գրիգորյան, եթե գազի սակագինը բարձրանա, ապա որքանով: Քանի որ այսօր մամուլը գրել էր, որ գազի գինը կբարձրանա 11 դրամով…

-Ես կարծում եմ, որ դա ապատեղեկատվություն է, բայց ամեն դեպքում այդ կարգի թվերի մասին խոսք լինել չի կարող ընդհանրապես, որովհետեւ չկա նման դրդապատճառ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս