Տնտեսության զարգացումն ու բնության պահպանումը չպետք է արհեստականորեն դարձնենք իրարամերժ նպատակներ. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է գտնել տնտեսության զարգացման ու բնապահպանության նպատակների ոսկե միջինը:

Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ համացանցի իր էջի գրառմամբ անդրադառնալով Արցախում հիդրոէներգետիկայի հետ կապված խնդիրներին։

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կառավարության գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, սկսել ենք 2008թ.-ին: Նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու հնարավորությունը ռիսկի տակ էր, քանի որ նախկինում հէկաշինության համար կառավարության կողմից 5 որոշում էր կայացվել, որոնք բոլորն էլ մնացել էին թղթի վրա:

Բարեբախտաբար, մեզ հաջողվեց: Դյուրին չէր, քանի որ երկարաժամկետ մեծ ներդրումների համար դժվար էր համոզել սփյուռքահայ կամ, առավել ևս, այլազգի գործարարներին, որպեսզի մեր տարածաշրջանում բիզնես սկսեն: Այնուամենայնիվ, մենք կարողացանք նրանց շահագրգռել և ապահովել կայուն ընթացքը մի ծրագրի, որը պիտի լուծեր Արցախի էներգետիկ անվտանգության և ինքնաբավության ապահովման՝ ռազմավարական նշանակության խնդիրը:

Շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կապիտալ-ներդրումների միջոցով (որի առյուծի բաժինն արել են օտարերկրացիները՝ անտեսելով քաղաքական խնդիրները) ստեղծվեցին մոտ 500 կայուն նոր աշխատատեղեր, պետական բյուջեի ուղղակի և անուղղակի հարկային եկամուտները ավելացան տարեկան մի քանի միլիարդ ՀՀ դրամով: Բայց ամենակարևոր ձեռքբերումն Արցախի էներգետիկ անվտանգության լիարժեք համակարգի ստեղծումն էր:

Էժան սակագնի մասին.

Հանրության շրջանում հաճախ է քննարկվում էժան հոսանք ունենալու մասին թեզն՝ այն հիմնավորմամբ, որ էլեկտրաէներգիան արտադրվում է մեր երկրում: Ինչպես արդեն նշեցի, ՀԷԿ-երը կառուցվել են մասնավոր ներդրումների շնորհիվ, և Կառավարության գործիքակազմն այստեղ սահմանափակ է: Բայց ընթերցողը պետք է իմանա, որ 1 Կ/Վտ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում տնային տնտեսությունները վճարում են 25 դրամ, իսկ ՀՀ մեր հայրենակիցները՝ մոտ 40 դրամ: Համեմատելի՞ է: Կարծում եմ՝ ոչ:

Բնապահպանական խնդիրների մասին.

Դեռ 2008թ.-ին, երբ Գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նախաձեռնում էի փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը, որևէ պատճառ չունեի այն բնապահպանական նորմերի խախտմամբ իրականացնելու: Հակառակը, միշտ պահանջում էի պատկան մարմիններից, որ բոլոր շինթույլտվությունները տրվեն՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Չեմ բացառում, որ, փորձի ու վերահսկողության պակասից ելնելով, գուցե ինչ-որ փուլում, իսկապես, խախտումներ թույլ են տրվել, բայց իմ խնդիրը ոչ թե նեղ մասնագիտական աշխատանքին հետևելն էր, այլ արդյունավետ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև դրսի էներգակիրներից կախվածության վերացումը: Սա էր գերխնդիրը, որը հաջողությամբ հաղթահարեցինք:

Այդքանով հանդերձ, դա չպետք է առիթ լինի, որ ներդրողները չարաշահեն իրենց առաքելությունն ու հնարավորությունները, ոտնահարեն հանրային ու պետական շահերը և կոպտորեն խախտեն օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի սահմանը: Ավելին, կարծում եմ, որ ՀԷԿ-երի սեփականատերերը պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնեն շրջակա միջավայրին հասցված վնասները ոչ միայն նվազագույնի հասցնելու, այլ նաև փոխհատուցելու համար: Համոզված եմ, որ Կառավարության կողմից ստեղծվելիք հանձնաժողովը ուսումնասիրության ընթացքում հաշվի կառնի ինչպես բնապահպանական խնդիրները, այնպես էլ հարակից համայնքների զարգացման ու ներդրումային միջավայրի գրավչության հարցերը:

Վստահ եմ, որ ոլորտի արդյունավետության բարձրացման ու բացասական կողմնակի ազդեցության հնարավորինս նվազեցման մեխանիզմը ոչ միայն պետական ու հանրային հետևողական վերահսկողությունն է, այլև՝ անցումը դեպի ավելի խոշոր ՀԷԿ-երի: Դա, իհարկե, պահանջում է ավելի շատ ներդրումներ, սակայն, մյուս կողմից, ապահովում է շրջակա միջավայրի վրա նույնիսկ դրական ազդեցություն, ինչպես նաև հնարավորություն ոռոգման նպատակներով տվյալ ջրային պաշարների օգտագործման համար: Պատահական չէ, որ Քաշաթաղի ու Մարտակերտի շրջաններում արդեն մեկնարկել են խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք կկիրառվեն և՛ էներգետիկ, և՛ գյուղատնտեսական նպատակներով: Ծրագրի վերջնաարդյունքում նախատեսվում է առաջիկա տարիներին միայն էներգետիկ բնագավառում կրկնապատկել աշխատատեղերի քանակը՝ հասցնելով 1000-ի, իսկ ոլորտից պետբյուջե մուտքագրվող եկամուտների չափը՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի:

Ուստի, տնտեսության զարգացումն ու բնության պահպանումը չպետք է արհեստականորեն դարձնենք իրարամերժ նպատակներ, այլ պետք է գտնենք դրանց ներդաշնակեցման ոսկե միջինը: Իսկ այս հարցի շուրջ օրերս հացադուլ հայտարարած մեր հայրենակիցներին, ովքեր այդ տարբերակով պայքարում են հայրենի բնության պահպանության համար, կհորդորեի զերծ մնալ սեփական առողջությունը վնասելուց և հարցը տեղափոխել մասնագիտական աշխատանքների դաշտ: Էկոլոգիական հիմնահարցերը մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ավելի մեծ վերահսկողական մեխանիզմներ ունենալու համար»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:




Լրահոս