ՀՀ իշխանությունները շարունակում են քայլերը, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես,ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։ Այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված Դատական օրենսգրքով նախատեսված է դատավորի գործունեության գնահատում՝ այն վերապահելով Բարձրագույն դատական խորհրդին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առ այսօր չի իրականացվել դատավորների գործունեության գնահատումը:
Եվ, ահա, ներկայացված նախագծի փաթեթը դատավորների բարեվարքության գնահատման համար անդրադառնալու է հետեւյալ ուղղություններին՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն եւ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում):
Ընդ որում, նախագծերի փաթեթների ընդունումից հետո դատավորները մշտապես են անցնելու բարեվարքության գնահատում, եւ հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննության է ենթարկվելու միայն կասկածների առկայության պարագայում:
Այլ խոսքերով՝ բոլոր դատավորների վերաբերյալ մեխանիկորեն վարույթներ չեն քննվելու Բարձրագույն դատական խորհրդում: Այսինքն՝ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու է հենց ԲԴԽ-ն:
Ինչպես արդեն նշեցինք, մեկ ուղղությունը լինելու են հայտարարագրերը, եւ առաջարկվում է ընդլայնել հայտարարագրման ենթակա ընտանիքի անդամների կազմը, ինչպես նաեւ հետագայում հնարավորություն վերապահել կոնկրետ դեպքում պահանջել այլ անձանցից հայտարարագիր եւս:
Սրանով զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն:
Բարձրագույն դատական խորհրդին նաեւ լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի՝ խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն եւ պահանջել ապացույցներայն դեպքում, որ գործող կարգավորման պայմաններում դա կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ:
Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:
Նաիրա Հովհաննիսյան