«ՓՈՐՁԵԼՈՒ ԵՄ ԻՆՁ ԶՍՊԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի համար 2020 թվականը բավականին բուռն է սկսվել: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է այս տարվա իր գործնական ծրագրերի, նպատակների, երազանքների մասին: Նաիրան նաեւ նշել է, թե ինչ դասեր է քաղել նախորդ տարվանից:

2020-ի հետ կապված ամենամեծ գործնական ծրագրերը
Թե՛ գործնականի, թե՛ անձնականի հետ կապված մեծ ծրագրեր եմ կազմում այս տարի: Ցանկանում եմ ունենալ տուն, մեքենա եւ էլի նյութական որոշ ձեռքբերումներ: Ֆինանսական կայունության եմ ձգտում: Ես քչով բավարարվող, գոհացող չեմ:
Որպես դերասանուհի դադար է առնում
2020 թվականին որպես դերասանուհի պլանավորում եմ հանգստանալ, շնչել, լիցքավորվել: Բայց դա չի նշանակում, որ այլեւս չեմ խաղալու. չեմ կարող չխաղալ:
Այս տարվա հետ կապված ամենամեծ երազանքը
Գիտեմ, որ 2020-ը կատարյալ տարի է լինելու, այս տարվան շատ երկար եմ սպասել:
Ճամփորդական ծրագրերը
Շրջագայել, շրջագայել եւ շրջագայել. ահա իմ հիմնական ծրագրերից մեկը: Տարին դիմավորել եմ Վրաստանում, ընթացքում էլ ուր մտքովս անցնի, գնալու եմ. այդպես եմ ուզում: Լինում է, որ ուզում եմ անեմ ինչից կտրվել եւ ճամփորդում եմ միայնակ, լինում է՝ նախընտրում եմ շրջագայել ընտանիքով:
2020-ի ամենամեծ սպասումը
Սպասում եմ հրաշքի: Առհասարակ, մշտապես հավատացել եմ հրաշքներին: Հրաշքներ ամեն վայրկյան են լինում: Միայն այն, որ ամեն առավոտ բացում ենք մեր աչքերը, արդեն իսկ հրաշք է:
2020-ի հոբբին
Բիզնեսը, որով զբաղվում եմ, կապ չունի իմ մասնագիտության հետ: Բացի այդ, ուզում եմ էլի զբաղվել ֆիթնեսով, եթե, իհարկե, դա կարելի է հոբբի համարել: Ուրիշ բաների մասին ինքս ինձ արգելել եմ մտածել: Եթե ինձ չսահմանափակեմ, կգժվեմ. հնարավորություններս անսահման են:
Կարգավիճակի փոփոխություն
Անկախ այն հանգամանքից՝ իմ կողքին եղել է տղամարդ, թե ոչ, ապրել եմ ազատ: Ինչ վերաբերում է կարգավիճակի փոփոխությանը, 2020-ի համար մի քիչ շատ, ճոխ չէ՞ր լինի (ծիծաղում է):
2019 թվականից ստացած մեծագույն դասը
Այս տարի որոշել եմ անձնական կյանքի մասին չխոսել: Փորձելու եմ ինձ զսպել, շատ բաներ չպատմել բոլորին, որովհետեւ ինչ պատմում եմ, չի լինում: Տեսնեմ՝ կստացվի, թե ոչ:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ

Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր հետեւում են նորաձեւության վերջին միտումներին, դիմում են ոճաբանների օգնությանը եւ փորձում են հաշվի առնել օրվա հրամայականները: «Ժողովուրդ» օրաթերթն իր «Անգերազանցելիները» շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աստղերին: Նրանք մշտապես աշխատում են իրենց վրա եւ չեն դադարում զարմացնել երկրպագուներին: Շատերը կրկնօրինակում են այս աստղերին, ոմանք էլ՝ քննադատում, բայց նաեւ հետաքրքրվում նրանց լուքերով: Այս աստղերը տարիներ շարունակ չեն իջնում ամսագրերի շապիկներից ու էկրաններից նաեւ իրենց յուրահատուկ ոճի շնորհիվ:

Նազենի Հովհաննիսյան
Դերասուհին միշտ է աչքի ընկել իր կանացիությամբ, բայց դրա հետ մեկտեղ նա օժտված է նուրբ ճաշակով: Նազենին գիտի՝ ինչ կրել միջոցառումների, երեկոների ժամանակ, եւ ինչ կրել՝ եթերում ու առօրյայում: Նա մշտապես ընդգծում է իր գեղեցիկ կազմվածքը եւ կարողանում է հանդես գալ ամենատարբեր կերպարներում: Բայց ինչ ոճում էլ որ դերասանուհին ներկայանա, միեւնույնն է, ազնվականությունը նրա դեպքում նկատվում է բավական հեռվից: Նազենին կարողանում է լինել սեքսուալ՝ չհատելով վուլգարության սահմանը:

Սրբուկ
Քեժուալ ոճից մինչեւ դասական Սրբուկի համար են: Երգչուհին որքան բազմաշերտ է իր երաժշտությունը ներկայացնելիս, նույնքան ընդգրկուն է արտաքին դրսեւորումներում: Սրբուկը բավական ակտիվ կիրառում է աքսեսուարներ. հատկապես արեւային ակնոցների տեսականին նրա պահարանում մեծ է: Երգչուհին իր տեսահոլովակներում հանդես է գալիս բավական վառ եւ համարձակ կերպարներում: Իսկ երբ նա մասնակցում էր «Եվրատեսիլ»-ին, նարնջագույն գորգին ներկայացել էր բավական բաց եւ ոճային հագուստով, որը շատ քննարկվեց օնլայն տիրույթում:

Սիրուշո
Դեռ վաղ տարիքից այս երգչուհին եղել է երիտասարդների համար ոճի առաջատար եւ ճաշակ թելադրող: Նա հետաքրքիր է հագնվում թե՛ առօրյայում, թե՛ բեմում: Իր իսկ թողարկած «Պռեգոմեշ» զարդերի տարբեր օրինակներ մշտապես զարդարում են երգչուհուն: Սիրուշոն ունի ակնոցների, գլխարկների հսկայական հավաքածու: Նրա բեմական զգեստները սովորաբար առանձնանում են յուրօրինակ լուծումներով: Նրա բեմական կերպարները տպավորիչ են, հիշվող:

Անդրե
Այս երգիչը մեր շոու-բիզնեսում տղամարդ աստղերի շարքում թերեւս ամենաոճայինն է: Նա առաջիններից էր, որ հանդես եկավ նախորդ տարիների համար անսովոր սանրվածքներով, ճղած ջինսերով, բեմական անսովոր, բայց հիշվող կերպարներով: Տարիներ առաջ Անդրեն թողարկեց «Անդրենալին» ջինսերի հավաքածուն: Նա ուշադիր է իր լուքի հետ կապված ամեն մի դետալի հարցում եւ երկրպագուների համար այդ առումով լավագույն օրինակ է:

Էրիկ
Էրիկի փոփոխվող սանրվածքները հաճախ քննարկվել են հանդիսատեսի կողմից: Նա հաջողությամբ հանդես է գալիս թե՛ դասական, թե՛ սպորտային կերպարներում: Երգիչն ունի ընդգծված ոճ, եւ ակնհայտ է, որ պարբերաբար համագործակցում է ոճաբանների հետ: Էրիկը կարողանում է ընտրել ճիշտ հագուստ, որը թաքցնում է կարճ հասակն ու վիզուալ առումով նրան ավելի սլացիկ է դարձնում: Եթե տարիներ առաջ նրան բեմում ավելի շատ տեսնում էինք սպորտային կերպարներում, ապա այսօր Էրիկն աչքի է ընկնում իր էլեգանտությամբ:

Արամ MP3
Յուրահատուկ վերնաշապիկը, կոստյումն ու թիթեռնիկը Արամի ոճի անբաժանելի մասերից են: Նա այն աստղերից է, որոնք հաջողությամբ համատեղում են դասական եւ սպորտային ոճերը: Սանրվածքի փոփոխության հարցում եւս երգիչը բավական ճկուն է: Հագուստի ընտրության հարցում նա աչքի է ընկնում վառ գույների կիրառմամբ՝ դեղին, կապույտ, կարմիր եւ այլն: Իսկ սեւի մեջ Արամը չափազանց էլեգանտ է նայվում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 




Լրահոս