ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ Շենգավիթ վարչական շրջանից գրություն է ուղարկվել, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր: Այս պահին արդեն հարուցված է քրեական գործ:
Քրեական գործը հարուցվել է 314 հոդվածի հատակնիշներով (1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Գործն ուղարկվել է քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն անդրադարձել էր մանկապարտեզների տնօրենների հավաքին և նրանց ոստիկանություն կանչելու միջադեպին:
Մասնավորապես, մամուլում տարածված լուրերի համաձայն՝ օրեր առաջ երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները:
Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
Այս տեղեկությունը հաստատել է նաև թաղապետը:
Լիդա Եղիազարյան