81 հնագիտական գտածոներ՝ «Լիդիան»-ին հատկացված տարածքում. նոր տեղեկություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ձեւավորված մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը կրկին դիմել է Պետական եկամուտների կոմիտեին եւ կառավարությանը:

Բանն այն է, որ օրեր առաջ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նոր տեղեկություններ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «30 հազար քառակուսի մետրի վրա 470 հնագիտական գտածոներ կան, որից 81-ը բուն «Լիդիան»-ին հատկացված տարածքում է գտնվում:

Եվ «Լիդիան»-ը արդեն ստեղծել է 46-ի անվտանգության գոտիները, բայց 35-ի մասով ոչինչ արված չէ: Սակայն ամենակարեւորը վկայագրերն են, եւ դրանք պետք է ուղարկել ոչ միայն կառավարություն, այլեւ միջազգային կառույցներին: Մենք պահանջել ենք, որ դրանք տրամադրեն մեզ, եւ այն ուղարկենք միջազգային կառույցներին»:

Բագրատյանը հավելեց, որ իրենք սպասում են ՊԵԿ-ի պատասխանին՝ կապված «Լիդիան»-ին տրված արտոնությունների հետ:




Լրահոս