«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առեւտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ, եւ պետք է հրավիրվեր խորհրդակցություն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաեւ Հարություն Բաբայանը եւ «Դալմա Գարդեն Մոլ», «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երեւանում գործող առեւտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններից կատարված հափշտակությունների եւ փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առեւտրի կենտրոններում հափշտակություն կատարած եւ պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:
Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առեւտրի կենտրոններում այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպատակով պետք է իրենց առաջարկներ ներկայացնեն:
Ոստիկանությանը հանձնարարվել է ուժեր կենտրոնացնել. գողությունների աճի հետքերով առևտրի կենտրոննում