Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`
1. Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
2. «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
3. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
4. « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
6. Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է: