ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ ԽՈՍԵԼՈՒ. ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային իրավիճակ է: Բանն այն է, որ իրենց խմբակցության բերած նոր օրենքի նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որն, ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մտքի գոհարն» է, իսկական խառնաշփոթ է առաջացրել խմբակցությունում: Պատգամավորները տեղյակ չեն՝ ինչ է փոխվելու, ինչի մասին է այն, բայց գիտեն, որ այն կարեւոր է իրենց իշխանության համար, քանի որ այն կարող է հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Հրահանգ կա մինչեւ հրավիրված արտահերթ նիստը որեւէ բան չասել, քանի որ խմբակցության անունից կխոսի Վահագն Հովակիմյանը, որից հետո արդեն կորոշեն ինչ խոսել, ինչպես խոսել ու ինչպես մեկնաբանել: Չնայած այն հանգամանքին, որ Դիլիջանում իմքայլականների հավաքի ժամանակ Հովակիմյանը խոսել է, բացատրել է, թե օրենքն ինչի մասին է, բայց քաղաքական «կիքսերից» խուսափելու համար որոշվել է լռության ուխտ պահել մինչեւ խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե պատգամավորն ինչ դիրքորոշում ունի՝ այդ նախագծի հետ կապված:
-Տիկի՛ն Ղազարյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որն, ըստ ընդդիմադիրների, ուղղակի ոտնահարելու է Սահմանադրությունը եւ այն հակասահմանադրական քայլ է լինելու իշխանությունների կողմից:
-Մենք այդ նախագիծը դեռ չենք քննարկել, ես էլ պետք է մասնակցեմ քննարկումներին, եւ ավելի ուշ այդ հարցերին կանդրադառնանք:
-Բայց ընդհանուր նախագիծը նայե՞լ եք: Ինչ-որ հարցեր առաջացե՞լ են Ձեզ մոտ:
-Նայել եմ նախագիծը, կքննարկենք հարցերը, մինչեւ արտահերթ նիստի մեկնարկը մենք բոլոր հարցերի պատասխանները կունենանք:
-Այսինքն՝ խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի՞:
-Ամբողջ խմբակցության անունից հայտարարություն կարող է անել միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խմբակցությունում քննարկում եղել է, բայց ես ներկա չեմ եղել, քանի որ քաղաքում չեմ եղել: Ես պետք է առանձին քննարկեմ խմբակցության հետ, պատկերացում կազմեմ, բայց այնպես է, որ կոնսենսուսային որոշում է արտահերթ նիստ հրավիրելը, քանի որ խմբակցության անունից է ներկայացվել այդ նիստի հայտը պարոն Միրզոյանին, ինչը ենթադրում է, որ խմբակցությունը բավականին միասնական կարծիք ունի դրա շուրջ:
-Նախագիծը վերագրվում է Ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, բայց մինչ այս պատգամավորը այն խմբակցության հետ չի՞ քննարկել՝ պարզաբանելու համար, թե ինչ է ցանկանում փոփոխել այս նախագծում: Դուք միասնական կարծիք չունե՞ք այս հարցում:
-Իհարկե կա միասնական կարծիք: Մենք ենք այդ արտահերթ նիստը հրավիրել, խմբակցության անունից է պարոն Միրզոյանին նամակ ուղարկել: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Վահագն Հովակիմյանը միայնակ չէր կարող դա անել: Սա խմբակցության կողմից կայացված որոշում է: Պարզապես ես հիմա չեմ կարող դետալային մանրամասնել եւ անդրադառնալ, եւ կան որոշ հարցեր, որ պետք է ես ինքս դեռ քննարկեմ պարոն Հովակիմյանի հետ: Եվ այդ հարցերի պատասխաններն անձնապես ինձ են վերաբերում, ոչ թե խմբակցությանը:
-Ընդդիմությունն արդեն իսկ բացասական է արտահայտվում, լարված վիճակ է արդեն…
-Ճիշտն ասած, չգիտեմ, այնքան էլ չեմ հասցրել հետեւել արձագանքներին: Միայն բամբասանքների տեսքով եմ տեղյակ: Գիտեմ, որ ընդդիմությունը որոշակի վերապահումներ ունի: Բայց կարծում եմ, որ կարող են տարընթերցումներ, վերապահումներ լինեն, որոնց շուրջ պարզաբանումներ կլինեն: Եթե կոնսենսուս լինի, կքվեարկենք Ազգային ժողովով:
-Ընդդիմությունը նշում է, թե այս ամենը միայն արվում է Հրայր Թովմասյանից ազատվելու համար, դա է այս ամենի հիմքը:
-Այդ հարցի հասցեատերը ընդդիմությունն է: Եթե իրենք այդպես են երեւակայում պետությունը, այդ հարցերը, ապա դա իրենց երեւակայության խնդիրն է: Այն, ինչ կա, առանց քողարկվածության ասել ենք՝ որ ՀՀ-ում գործող Սահմանադրական դատարանը որոշակիորեն տարբերվում է Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանից, եւ մենք ունենք խնդիր՝ համապատասխանեցնելու 2020 թվականի Սահմանադրությանը 2020 թվականի ՍԴ-ն: Եթե ընդդիմությունը կամ մեր հարգելի գործընկերները այլ կերպ են տեսնում աշխարհը, ես այդ հարցի հասցեատերը չեմ:
-Դիլիջանում քննարկվե՞լ է այս խնդիրը, ի՞նչ հանգուցալուծման եք եկել:
-Դիլիջանում մեր ռազմավարության վրա ենք աշխատել: Ավելի մանրամասն, կարծում եմ, չեմ կարող հայտնել, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն խմբակցության ղեկավարությունից կարող ենք սպասել՝ ռազմավարության հետ կապված: Բոլոր հարցերի հետ կապված արձագանք է եղել: Որոշում կամ քվեարկություն չի եղել, եղել է միայն քննարկում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՍԿՍԵՆ ՍՏՈՒԳԵԼ

ՀՀ իշխանությունները շարունակում են քայլերը, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։ Այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Ինչպես հայտնի է, 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված Դատական օրենսգրքով նախատեսված է դատավորի գործունեության գնահատում՝ այն վերապահելով Բարձրագույն դատական խորհրդին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առ այսօր չի իրականացվել դատավորների գործունեության գնահատումը: Եվ, ահա, ներկայացված նախագծի փաթեթը դատավորների բարեվարքության գնահատման համար անդրադառնալու է հետեւյալ ուղղություններին՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն եւ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում):
Ընդ որում, նախագծերի փաթեթների ընդունումից հետո դատավորները մշտապես են անցնելու բարեվարքության գնահատում, եւ հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննության է ենթարկվելու միայն կասկածների առկայության պարագայում: Այլ խոսքերով՝ բոլոր դատավորների վերաբերյալ մեխանիկորեն վարույթներ չեն քննվելու Բարձրագույն դատական խորհրդում: Այսինքն՝ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու է հենց ԲԴԽ-ն: Ինչպես արդեն նշեցինք, մեկ ուղղությունը լինելու են հայտարարագրերը, եւ առաջարկվում է ընդլայնել հայտարարագրման ենթակա ընտանիքի անդամների կազմը, ինչպես նաեւ հետագայում հնարավորություն վերապահել կոնկրետ դեպքում պահանջել այլ անձանցից հայտարարագիր եւս: Սրանով զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն:
Բարձրագույն դատական խորհրդին նաեւ լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի՝ խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն եւ պահանջել ապացույցներ այն դեպքում, որ գործող կարգավորման պայմաններում դա կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ:
Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի բազմաչարչար նախագիծը՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», կրկին բերվել է խորհրդարան եւ պետք է քննարկվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Բանն այն է, որ դեռեւս հունվարի 15-ին այդ նույն հանձնաժողովի նիստում որոշում էր կայացվել հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով, սակայն մեկ ամիս չանցած՝ նախագիծը կրկին բերվել է: Ամեն դեպքում, առողջապահության նախարարի համար դեռ վաղ է այդ ամենից հետեւություններ անել եւ եզրակացնել, թե, ի վերջո, այդ անգամ հնարավոր է նախագիծը վերջապես ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ նախագիծը հանձնաժողովից հանձնաժողով է տեղափոխվում կամ հետաձգվում:

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
«էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման գործով կալանավորված Արթուր Թորոսյանը դեռեւս ցուցմունք չի տվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց վերջինիս պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ նրա մասով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն. «Մինչ եզրակացությունը չգա, երեւի թե ձեռնպահ մնանք որեւէ քննչական գործողություն պլանավորել, քանի որ պարզ չէ՝ այդ ցուցմունքներին ինչպես պետք է վերաբերվենք մինչեւ եզրակացություն տալը»: Նշենք, որ ըստ փաստաբանի՝ մինչեւ այժմ չկա տեղեկություն, որ նա որեւէ հոգեբուժական կենտրոնում հաշվառված է եղել: Ավելին, փաստաբան Աղաջանյանը նշեց, որ Արթուր Թորոսյանին տեսել է երկու օր առաջ, երբ նրան դատարան էին բերել՝ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հարցի հետ կապված, եւ Թորոսյանը դատարանին որեւէ բան չի ասել: Հիշեցնեք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին:




Լրահոս