ArmLur.am-ը պարզեց, որ e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի արմատապես վերանայել ոլորտի գործող կարգավորումները։
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, և քննարկման ժամկետ է սահմանվել ապրիլի 20-ից մինչև մայիսի 6-ը։
ArmLur.am-ի ուսումնասիրությամբ պարզվում է, որ ներկայումս որդեգրման գործընթացը կարգավորվում է տարբեր իրավական ակտերով՝ ընտանեկան օրենսգիրք, քաղաքացիական դատավարության օրենսգիրք, մի շարք օրենքներ և կառավարության որոշումներ, ինչը հաճախ բարդացնում է գործընթացը թե՛ իրավակիրառողների, թե՛ որդեգրել ցանկացող քաղաքացիների համար։
Նոր նախագծով առաջարկվում է ունենալ մեկ միասնական իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրման և դրա վերահսկողության գրեթե բոլոր փուլերը։ Ըստ հեղինակների՝ սա թույլ կտա համակարգել գործընթացը և այն համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին։
Առանձնահատուկ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է «համադրման» մեխանիզմին։ ArmLur.am-ը պարզեց, որ նախագծով որդեգրումը այլևս չի հիմնվելու միայն որդեգրել ցանկացող անձի ընտրության վրա։ Փոխարենը ներդրվում է երկփուլ համակարգ՝
- տեխնիկական փուլ,
- մասնագիտական փուլ։
Այս մեխանիզմով երեխայի և որդեգրողի համապատասխանությունը գնահատվելու է տարբեր չափանիշներով՝ երեխայի կարիքներ, ընտանիքի պայմաններ, հոգեբանական միջավայր և այլ գործոններ։ Նպատակն է ապահովել երեխայի լավագույն շահը և բացառել «ընտրության» սուբյեկտիվ մոտեցումները։
Նախագծով նաև առաջարկվում է ստեղծել միասնական շտեմարան որդեգրման ենթակա երեխաների և որդեգրել ցանկացող անձանց վերաբերյալ, սահմանել հստակ կանոններ գործընթացի գաղտնիության համար, ինչպես նաև հստակեցնել վերահսկողության մեխանիզմները։
ArmLur.am-ը պարզեց, որ գործող 2010 թվականի թիվ 269-Ն որոշումը նախատեսվում է աստիճանաբար ուժը կորցրած ճանաչել՝ 2028 թվականից Արարատի մարզում, իսկ 2029 թվականից՝ ամբողջ հանրապետությունում։
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունների արդյունքում որդեգրումը Հայաստանում կկազմակերպվի երեխայի լավագույն շահերից ելնելով, այլ ոչ թե կլինի միայն որդեգրել ցանկացող անձանց ընտրության վրա հիմնված գործընթաց։
Անի Վարդանյան























