Armenian text to speach

ԱՄՆ-Իրան բանակցությունները վտանգի տակ․ Թրամփի հայտարարությունները խաթարել են գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Իրանի միջև յոթշաբաթյա պատերազմի ավարտին ուղղված բանակցությունները, որոնք մոտ էին համաձայնության, բարդացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարություններից հետո։

ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում հայտարարել է, թե Իրանը համաձայնել է մի շարք կարևոր պայմանների, այդ թվում՝ հարստացված ուրանի փոխանցմանը և միջուկային ծրագրի սահմանափակմանը։ Նա նաև նշել է, որ պատերազմը շուտով կավարտվի։

Սակայն իրանական կողմը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ նման համաձայնություններ դեռևս ձեռք չեն բերվել։ Արդյունքում՝ բանակցությունների շուրջ ձևավորված դրական սպասումները արագ նվազել են, և գործընթացի ապագան դարձել է անորոշ։

ԱՄՆ ներսում ևս ընդունում են, որ նախագահի նման հրապարակային մեկնաբանությունները կարող են վնասել բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց զգայուն բնույթը և Իրանի անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ։ Բացի այդ, ամերիկյան աղբյուրները նշում են, որ Իրանի ներսում ևս կարող են լինել տարաձայնություններ տարբեր կառույցների միջև, ինչը բարդացնում է վերջնական որոշումների կայացումը։

Լարվածությունը մեծացել է նաև ռազմական միջադեպից հետո, երբ ԱՄՆ նավատորմը Օմանի ծոցում կանգնեցրել և առգրավել է իրանական բեռնանավ, ինչը ևս ավելի է սրել իրավիճակը։

Միևնույն ժամանակ, բանակցությունների առանցքային հարցերից են մնում Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը և ԱՄՆ պատժամիջոցների վերացումը։ Կողմերը քննարկում են տարբեր տարբերակներ՝ 5, 10 կամ 20 տարվա սահմանափակումներ, սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա։

Չնայած ստեղծված բարդություններին՝ երկուշաբթի արդեն Իրանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերը դեռ չեն փակել բանակցությունների ուղին։ Սակայն, թե ինչ ուղղությամբ կզարգանան բանակցությունները, առայժմ հստակ չէ։

Անի Վարդանյան




Լրահոս