Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը նախօրեին ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ ձայներով։ Եվ գործող իշխանությունները Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այսինքն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարի։
Ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ ոչ»-ի պայքարը։ Իսկ, ահա, ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ այստեղ հետաքրքիր հանգամանքներ են առկա։
Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.593.140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ: Եվ այս համամասնության պայմաններում հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ կքվեարկի շուրջ 648.285 մարդ: Այստեղ ուշագրավ է, որ այդ նույն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող։ Եվ նաեւ ստացվում է, որ այդ հանրաքվեն լինելու է նաեւ վստահության հանրաքվե իշխող քաղաքական ուժի համար. արդյոք վերջիններս պահպանե՞լ են իրենց դիրքերը եւ կկարողանա՞ն անհրաժեշտ թվով «այո»-ներ հավաքել եւ անցկացնել հանրաքվեն։
Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ի վերջո, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցածը արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, եւ քաղաքացիները գնում էին ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալու հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ, ամեն դեպքում, նրա թեկնածուին։ Իսկ այս դեպքում ընտրատեղամասեր գնալու մոտիվացիան այլ է, թերեւս ստորադասվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ չպետք է ակնկալել, որ հանրաքվեի մասնակցությունը կլինի այնքան, որքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Խոսենք թվերի լեզվով. օրինակ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների պատկերը հետեւյալն էր. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր 2 մլն 566 հազար 998 մարդ, որից, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 քաղաքացի, այսինքն՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների կեսից մի փոքր ավելին։ Եվ, ահա, այդ թվից 825 հազար 521 հոգին ասել է՝ «այո», իսկ 421 հազար 568 քաղաքացի ասել է՝ «ոչ»։ Այսինքն՝ հինգ տարի առաջ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, «այո» ասել է գրեթե այնքան քաղաքացի, որքան 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն են տվել «Իմ քայլը» դաշինքին։
Իսկ այժմ անդրադառնանք բուն քարոզարշավի ընթացքին. ինչպես հայտնի է, պետք է ձեւավորվեն «այո»-ի եւ «ոչ»-ի շտաբներ, որոնք պետք է քարոզչություն իրականացնեն մարզ առ մարզ եւ բնակչությանը բացատրեն, թե ինչու պետք է քվեարկեն սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները կարող են «ոչ»-ի քարոզարշավն իրականացնել միասնական, կարող են եւ՝ առանձին-առանձին։ Դրանց համար պետք է ձեւավորվեն շտաբներ, նշանակվեն շտաբի պետեր, ինչպես նաեւ ընտրատեղամասեր, պետք է մշակվի իրականացվելիք քաղաքականությունը, այն, թե ովքեր են իրականացնելու, եւ այլ հարցեր։ Նկատենք, որ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ մասնակից քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն իրականացնում էին առանձին-առանձին:
Իսկ այժմ ժամկետների մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված որոշումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ, ահա, նախագահը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե: Քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա դրությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից որոշման նախագիծը դեռեւս երկրի նախագահին չի ուղարկվել:
Հավելենք, որ չի բացառվում՝ գործող իշխանությունները դիմեն նաեւ Վենետիկի հանձնաժողով. այդ տարբերակը դեռ քննարկվում է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈւ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը, եւ բացահայտվել են մի շարք խախտումներ: Ավելին, ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստուգայցերի հիմնական նպատակը եղել է այն, որ զորամասերի անձնակազմները մշտապես ուրբաթ օրը բարձրանում են դիրքեր, որպեսզի զորամասերում կարգ ու կանոն լինի: Ռազմական ոստիկանությունը ստուգել է զորամասերում առկա վիճակը, որը մշտապես նախատեսված պլանային ստուգում է: Սակայն ՊՆ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` ստուգումները կապված են նաեւ բանակում վերջին շրջանում զինվորների ինքնավնասման դեպքերի եւ արտոնյալ զինվորների կողմից զորամասի զինվորներին նեղացնելու դեպքերի հետ:
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԹՈՂԵԼ ԵՆ ՄԵՆԱԿ
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերնագրով տեսանյութը դարձավ տարատեսակ մեկնաբանությունների ու շահարկումների առիթ: Այդ տեսանյութին արձագանքեցին բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանը: Եվ երկու կառույցներն էլ արձանագրել էին, թե խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Սակայն պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է: Մի կողմ թողնելով հոդվածի բովանդակությունը` արձանագրենք, որ տարատեսակ մեղադրանքների ֆոնին ռեպորտաժի հեղինակ-լրագրող Տաթեւ Դանիելյանը թերեւս մնացել էր միայնակ եւ ինքն էր միայն արձագանքում, փորձում պաշտպանվել: Հ1-ը պաշտոնապես չսատարեց իր լրագրողին, այնինչ ակնհայտ է, որ նրան հանձնարարել են այդ ռեպորտաժը պատրաստել, եւ, բնականաբար, հոդվածի տեքստը խմբագրվել, ստուգվել է համապատասխան մասնագետների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տաթեւ Դանիելյանն այս առնչությամբ նշեց. «Ես որեւէ մեկին չեմ դիմել օգնության համար եւ կարծում եմ՝ իմ դիմելով չէ, որ պետք է այդ օգնությունը լիներ»։
ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որեւէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, եւ ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ. այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան: «Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992թ.-ից՝ Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն՝ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձեւաչափը, որը բխում է 1994թ. եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան եւ Հայաստան, հրադադարի համաձայնագրից»,- ասել է Նաղդալյանը:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին՝ Գերմանիա այցի ընթացքում, Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ. այդ մասին ArmLur.am-ը տեղեկանում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքէջից: «Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»,- նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունում: ՀՀ վարչապետը Գերմանիա կմեկնի՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14-16-ը:
ԴԵՄ Է
«Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում»,- այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա սահմանադրական հանրաքվեին: Նա նշել է, որ իշխանությունները հասկանում են, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող բավարարել իրենց «ամբիցիաներ»-ը, ուստի շրջանցելու համար առաջ քաշեցին նման օրակարգ եւ միանգամից դրեցին հանրաքվեի: «Բայց պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր եւ նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս է երկրորդ ընթերցմամբ եւ չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի»,- ասել է Գ. Պետրոսյանը: «Ես դեմ եմ, ոչ թե դեմ եմ ընդհանարապես այս պրոցեսին, ես դեմ եմ քվեարկելու: Եթե խմբակցությունը կողմ լինի, ես դեմ եմ քվեարկելու»,- նշել է նա:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Նախագահական նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի եւ թագավոր Աբդալա Երկրորդի հանդիպումը: Աբդալա Երկրորդը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: