Ու՞ր է կորել երգչուհի Անահիտ Շահբազյանը եւ ե՞րբ կվերադառնա ասպարեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դստեր ծնունդից հետո Անահիտ Շահբազյանը ամբողջովին նվիրվել է ընտանիքին եւ էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ուր է կորել երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված, արդյոք առաջիկայում սպասենք նրա վերադարձին շոու-բիզնես:

«Ես արդեն իսկ փորձում եմ վերադառնալ ասպարեզ: Օրերս մասնակցելեմ բարեգործական համերգի, առաջիկայում եւս սպասվում են նման միջոցառումներ: Այնպես որ, աստիճանաբար վերադառնում եմ իմ սիրելի աշխատանքին»,-տեղեկացրեց Անահիտը:

Նա նշեց, որ 3-4 ամիս անց հանդես կգա նոր տեսահոլովակով: Ի դեպ, երգչուհին դուստր ունի, անունը՝ Նարե: Հարցին, թե երեխային նվիրված երգեր արդյոք կլինեն իր երգացանկում, Անահիտը պատասխանեց. «Այո, այդպիսի երգեր կլինեն, ընդ որում՝ միանգամից երեքը: Դրանցից երկուսի հեղինակը ես եմ: Երգերը կնվիրվեն իմ դստերն ու բոլոր նարեներին»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչ զգացողություններ է ունեցել Անահիտը դստեր ծնունդից հետո, եւ ինչ է նշանակում լինել աղջկա մայրիկ: «Ճիշտ է, ես որդի չունեմ, որպեսզի համեմատեմ, բայց կարող եմ ասել, որ դուստր ունենալը մեծ պարգեւ է, նրա հետ իմ ապրած զգացողությունները բառերով նկարագրել չեմ կարող, հասուն տարիքում ծնող դառնալիս ամեն վայրկյանն առանձնահատուկ ես գնահատում»,-մեկնաբանեց երգչուհին:

Անահիտը նշեց, որ փորձում է լինել այն մայրիկներից, որոնք հաջողությամբ համատեղում են անձնական կյանքն ու կարիերան: «Զավակս դեռ երկու ամսական էր, արդեն վերադարձել էի աշխատանքի եւ դասավանդում էի «Տրիո» ստուդիայում: Այնպես որ, ձգտում եմ ակտիվ մայրիկ լինել»:

Հիշեցնենք, որ 2010-ին Անահիտ Շահբազյանը մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին եւ զբաղեցրել 2-րդ տեղը, կրթության, գիտության ու մշակութային համագործակցության միջկառավարական հիմնադրամի կողմից ստացել է դրամական մրցանակ՝ սեփական ձայնասկավառակի ձայնագրման համար: 2013թ.-ին մասնակցել է «Ծովային հանգույց» երգի միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի:

Անի Անտոնյան




Լրահոս