ՌՈՆԱԼԴՈՒԻ ԵՎ ՄԵՍՍԻԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն լավ բան մի օր մոտենում է իր ավարտին, այսպիսին է կյանքը, չկա հավերժական ոչինչ. «ամենակարող» ժամանակը տանում է իր հետ բոլոր հզորագույններին եւ թողնում նրանց մասին միայն լեգենդներ: Շուտով այդպիսինների շարքին կդասվեն նաեւ համաշխարհային ֆուտբոլի հզորագույններից երկուսը՝ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լեոնել Մեսսին: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է այս երկուսին եւ նշել, որ նրանց ժամանակաշրջանը դեռեւս չի ավարտվել: Այո, դա այդպես է, նրանց գերիշխանությունը շարունակվում է, սակայն հրաժեշտն էլ սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են մոտ ապագայում խլել ֆուտբոլային թագը այս երկու տիտանների ձեռքից:

Կիլիան Մբապե («ՊՍԺ»)
Ֆրանսիացի երիտասարդ գերաստղը արդեն հասցրել է գրավել երկրպագուների սրտերը, դառնալ աշխարհի չեմպիոն եւ մի քանի անգամ հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում: Մբապեի աստղը սկսեց շողալ դեռ «Մոնակոյում» խաղալու տարիներին, իսկ ՊՍԺ-ում Լոտինը դարձավ առաջատար եւ գերաստղ: Կիլիանը արդեն հասցրել է դառնալ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ, սակայն ասել, որ նա այս պահին կարող է համեմատվել Ռոնալդուի եւ Մեսսիի հետ, կլինի մեծ սխալ. հիմա ոչ, սակայն մեկ տարի հետո, հնարավոր է, այո: Ֆրանսիացուն այդ համեմատությունից, հնարավոր է, որ զրկում է հենց ՊՍԺ-ն: Անխոս, փարիզյան ակումբը ներկայիս ֆուտբոլի գրանդների շարքին է դասվում, բայց Լիգա 1-ում առանց ինտրիգների հաղթանակներն ու Չեմպիոնների լիգայում ձախողումները թույլ չեն տալիս Մբապեին դառնալ նոր Կրիշտիանու կամ Լեոնել: Արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մբապեն կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Այդ փաստը արդեն կլինի պարտավորեցնող եւ բեկումնային: Ֆրանսիացի 21-ամյա հարձակվողը միանշանակ այն ֆուտբոլիստներից է, որը կարող է լինել երկու մեծագույնների հետնորդը կամ գուցե հետնորդներից մեկը:

Մարկուս Ռեշֆորդ («Մանչեստեր Յունայթեդ»)
Անցնենք Մանչեստեր քաղաքի կարմիր հատվածի թիմի ներկայացուցչին՝ «Մանչեստեր Յունայթեդի» առաջատար դարձած Մարկուս Ռեշֆորդին: Այս մրցաշրջանում անգլիական գրանդը սպասվածից շատ ավելի վատ արդյունք է գրանցում, բայց ունի մեկ լուսավոր կետ՝ Մարկուս Ռեշֆորդը: Անգլիացին հիմա վնասվածք ունի եւ շարունակում է բուժվել, բայց երիտասարդ ֆուտբոլիստը այն խաղերը, որոնց մասնակցել է, թողել է լավ տպավորություն: Նա միանշանակ կարող է լինել Ռոնալդու կամ Մեսսի, եթե տաղանդին գումարի նաեւ աշխատասիրությունը: Անգլիացու աստղը կարող է փայլատակել առաջիկա Եվրոպայի առաջնության ժամանակ: Հաշվի առնելով այն, որ Անգլիայի հավաքականի հայտացուցակից կարող է բացակայել Հարի Քեյնը, Ռեշֆորդը կարող է դառնալ նաեւ հավաքականի առաջատարը` նպաստելով ե՛ւ թիմի հաջող ելույթներին, ե՛ւ իր առաջընթացին: 22 տարեկան հարձակվողը իր խաղաոճով հիշեցնում է երիտասարդ Կրիշտիանու Ռոնալդուին, եւ, ո՞վ գիտե, հնարավոր է, որ անգլիացին կրկնի պորտուգալացու անցած ճանապարհը:

Մարտին Էդեգոր («Ռեալ Մադրիդ»)
Երիտասարդ տաղանդաշատ ֆուտբոլիստն արդեն պետք է լիներ համաշխարհային ֆուտբոլի աստղերից մեկը, սակայն նրա՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը դարձավ կարիերայի հետընթացի պատճառ: Էդեգորն այժմ «Ռեալ Սոսիեդադում» է եւ դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Նա օրեր առաջ նույնիսկ հասցրել է գրավել «Ռեալ»-ի դարպասը: Ֆուտբոլիստը բասկյան ակումբում է վարձակալական հիմունքներով, մյուս ամառ արդեն կավարտվի վարձակալության ժամկետը, եւ Մարտինը կվերադառնա Իսպանիայի մայրաքաղաք: Նրանից սպասելիքները շատ մեծ են, եւ նա մադրիդյան թիմի նոր Ռոնալդուներից մեկն է համարվում: 21-ամյա նորվեգացին թափ է հավաքել եւ ցանկանում է դառնալ իր ժամանակների լավագույններից մեկը:

Վինիսիուս Ժունիոր եւ Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ»)
Մադրիդյան թիմի բրազիլացիներն այս մրցաշրջանում համարվում են թիմի ջոկերները: Երիտասարդ ֆուտբոլիստները ցույց են տվել, որ կարող են իրենց խաղով վճռորոշ դեր խաղալ թիմում: Զիդանն էլ իր հերթին վստահում է նրանց եւ տալիս հնարավորություն: Արդեն մյուս մրցաշրջանում նրանք կարող են լինել թիմի առաջատարները եւ դառնալ իրենց մրցակիցների ահ ու սարսափը:

Անսումանե Ֆատի («Բարսելոնա»)
Շատերը կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին մեղադրում են թիմի ներկայիս վատ վիճակի մեջ: Հնարավոր է, որ դա ճիշտ է, բայց պետք է նաեւ լավը նշել, որոնցից մեկը եղավ Անսումանե Ֆատիի բացահայտումը: 17-ամյա պատանին արդեն գոլեր է խփում, հաղթանակներ պարգեւում իր թիմին: Մեսսին շուտով կմեկնի «թոշակի», եւ Անսումանեն կարող է դառնալ նրա իսկական հետնորդը: Երիտասարդ ֆուտբոլիստը այս «Բարսելոնայի» իսկական հաղթաթուղթն է դարձել եւ արժանացել կատալոն երկրպագուների համակրանքին:
Շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, սակայն վերը նշված անունները այն առանձնահատուկներն են, որոնք կարող են կրկնել ռոնալդուամեսսիական ժամանակաշրջանը: Ցավոք, այդ գերաստղերը շուտով ֆուտբոլում կդառնան պատմություն. այդպես է ցանկանում ժամանակը, իսկ մենք ուղղակի պետք է վայելենք նրանց վերջին պոռթկումներն ու մեզ համար սկսենք բացահայտել նոր ռոնալդուներ եւ մեսսիներ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՎԵԼԱՑՆԵ՞Ն
Առաջարկվում է ավելացնել ծնողական խնամքից զրկված եւ հոգեկան խանգարում ունեցող 14 տարեկանից ցածր 433 երեխայի խնամքի նպաստը. այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է նախագծի համահեղինակ, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Ըստ նրա՝ շահառուների թիվն ի սկզբանե շատ ավելի մեծ էր, սակայն պրոֆիլային հանձնաժողովի շրջանակներում քննարկումների ընթացքում պարզվել է, որ պետությունը չի կարող այնպիսի նշանակալի ծախսեր իր վրա վերցնել, որոնք գերազանցում են մի քանի միլիարդ դրամը: «Արդյունքում, մենք որոշեցինք բարձրացնել նպաստներն առավել խոցելի խմբերի համար»,-պարզաբանել է պատգամավորը: Ընդ որում, նա նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր ավելացնել նպաստը երրորդ խմբի հաշմանդամություն կամ հոգեկան խանգարում ունեցող անձանց համար: Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 30 հազար մարդու մասին է: «Պետբյուջեից ծախսերը գրեթե 4 միլիարդ դրամ են կազմել»,- ասել է Ն. Զեյնալյանը:

 

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Արմավիրի մարզի Ապագա համայնքի բնակիչները: Վերջիններս հայտնել են, թե գյուղում ցրտերն ընկնելուն պես դադարում է գործել գյուղի միակ մանկապարտեզը:
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Ապագայի համայնքապետ Պետրոս Ավագյանի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ համայնքի երեխաները զրկվում են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել է, որ ձմռան ամիսներին մանկապարտեզը չի գործում՝ նշելով, որ պատճառը համայնքի բյուջեի պակասությունն է: «Մանկապարտեզը բացվել է մարտի 1-ից մինչեւ դեկտեմբեր, իսկ այս տարի գործել է մինչեւ նոյեմբերի 1-ը: Մանկապարտեզը փակվել է ֆինանսական խնդիրների պատճառով: Գյուղացիներն իրենց հարկային պարտավորությունները չեն կատարում. բա էս դեպքում ես մանկապարտեզը ո՞նց պահեմ: Ես անգամ չեմ կարող մարզպետարան դիմել, քանի որ 12 մլն հավաքագրում եմ արել, այդ բողոքող ծնողներից շատերը հրաժարվում են հարկերը վճարել, ընդամենը 10 հազար դրամի մասին է խոսքը»,- ասել է համայնքի ղեկավարը:
Մեր զրուցակցի խոսքով՝ նա Ապագայի համայնքի ղեկավար է ընտրվել հեղափոխությունից հետո, եւ բնակիչներն, օգտվելով այդ փաստից, հրաժարվում են հարկային պարտավորությունները ճիշտ ժամանակին կատարելուց: «Ես այդ հարցը մինչեւ մարզպետարան բարձրացրել եմ, որ բնակիչները, օգտվելով հեղափոխությունից, խուսափում են հարկեր վճարել»,-հավելել է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Երեւանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց մեծ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով են հանդես եկել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շ. Շահինյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ա. Սաթյանը, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, մշակութային մի շարք գործիչներ եւ ժողովրդական արտիստներ, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանի դուստրը՝ Սեդա Գասպարյանը:




Լրահոս