Փետրվարի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ուղիղ միացմամբ դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:
Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձավ լուրերին, որ պարտադիր զինծառայության տարիներին օրինախախտություններ է թույլ տվել: Նախարարն, ի դեպ, հաստատեց, որ ինքը համաներումով ազատ է արձակվել:
Եվ ահա, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Իսկ մեղադրյալը ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետն է:
Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:
Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:
Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: