ԼՈՌԻ-ՏԱՎՈՒՇ-ԵՐԵՎԱՆ ՏՐԱՆԶԻՏ. ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ ՔԱՐՈԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, պարզվում է, որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզն իրականացնել երկու մարզում, այնուհետեւ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բադալյանը հայտարարեց, որ որոշել է նախ գնալ Լոռու մարզ, այնուհետեւ Տավուշի մարզի իր հայրենական գյուղ, այնուհետեւ մայրաքաղաքում քարոզչություն իրականացնել: Հետաքրքիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ պլանավորված էր, թե երեկվանից՝ մարտի 2-ից, հայրենի իշխանավորները լծվելու են «ԱՅՈ»-ի քարոզչությանը, բայց կրկին որեւէ քարոզչություն չի իրականացվում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները այդ հարցում դեռեւս անգործության են մատնված:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչ է արվում հանրաքվեի քարոզչության իրականացման հարցում:
-Տիկի՛ն Բադալյան, փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը: Դուք՝ որպես իշխանական պատգամավոր, ի՞նչ եք արել ու ի՞նչ եք պատրաստվում իրականացնել քարոզչության իրականացման ժամանակահատվածում:
-Ես պլանավորել եմ, որ ես պետք է լինեմ Լոռու մարզում քարոզչության ընթացքում: Իմ պատկերացմամբ՝ այդպես էի ընտրել, որպեսզի այնպիսի մարզ լինի, որպեսզի ես արմատներով այնտեղից չեմ ոչ մի կողմից, այսինքն՝ տեղյակ չեմ խնդիրներից, ծանոթներ, բարեկամներ կտանեն, որպեսզի խնդիրները տեղում իմանամ, գնալու եմ այնտեղ: Եւ այդպիսով ընտրել եմ Լոռու մարզը: Բայց միեւնույն ժամանակ Տավուշի մարզից, որտեղ ես չգնացի, բայց արմատներով այնտեղից եմ, եւս երեկվանից մարզպետը անընդհատ խոսում ենք միմյանց հետ, եւ ասում է, որ կարիք կա, որպեսզի այստեղ էլ ձեր գյուղ կամ հարակից գյուղեր այցելելու համար: Կարիք կա ոչ թե այն առումով, որ պետք է «Այո» բերել կամ… Այսինքն՝ կարիք կա, որովհետեւ այն շատ հեռու է, եւ հնարավոր է՝ ուրիշ մեկը չհասցնի գնալ, եւ ճանապարհները մի քիչ բարդ են: Բայց որ այն իմ գյուղն է, ես շատ լավ գիտեմ՝ այնտեղ ինչպես պետք է հասնեմ: Սա է խնդիրը:
-Եւ պատրաստվո՞ւմ եք գնալ Ձեր գյուղ քարոզչություն իրականացնելու նպատակով:
-Այո, իհարկե պատրաստվում եմ գնալ, այսինքն՝ այդպես միանշանակ չի լինելու, այսինքն՝ պապիկիս, տատիկիս գյուղը կա, սահմանամերձ գյուղեր են: Այսինքն՝ այսպես ստացվեց, օր օրի մի բան փոխվում է: Հիմնականում կլինեմ Լոռիում, Տավուշում, Երեւան լինելու ժամանակահատվածում Երեւանի քարոզարշավին կմասնակցեմ:
-Բայց եթե Լոռու մարզի խնդիրներին ծանոթ չեք, հանրությունը Ձեզ ծանոթ չէ, դժվար չի՞ լինելու այնտեղ քարոզչություն իրականացնել, մարդկանց համոզել, որ հանրաքվեին «ԱՅՈ» ասեն:
– Ծանոթ է, թե ծանոթ չէ.. այսինքն՝ ես ծանոթին պետք է համոզե՞մ, որ գա ինձ համար «Այո» ասի, թե՞ ես պետք է հիմնավորեմ, թե ինչու պետք է «Այո» ասեն:
-Ձեր թիմի անդամներն են հայտարարել, որ իրենք այն շրջաններում են քարոզչություն իրականացնելու, որտեղ իրենց ճանաչում են, օրինակ՝ ձեր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը քարոզչություն է իրականացնելու Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, քանի որ, ըստ իրեն, այնտեղ իրեն լավ գիտեն, վստահում են:
-Մենք հենց պետք է հասնենք նրան, որպեսզի մարդը ոչ թե ծանոթով վստահի կամ չվստահի, այլ ուղղակի մարդկանց կրթական ցենզը այնքան բարձր լինի, որպեսզի ինքը լսի հիմնավորումները եւ, ըստ դրա, որոշի՝ քո հիմնավորումները իրեն բավարարում է, թե հիմնավորումները իրեն չի բավարարում: Ծանոթ է, թե ծանոթ չի, դեմքը իրեն դուր է գալիս, թե դուր չի գալիս եւ այլն, սրանք ինձ համար մի քիչ ցածր խոսակցություններ են:
-Ըստ Ձեզ՝ ապրիլի 5-ին ի՞նչ արդյունք եք ունենալու, արդյոք «Այո՞» է հանրությունը ասելու հանրաքվեին: Արդեն հրապարակվել են «Այո»-ի պաստառները, քարոզչական բուկլետները, դրանք ինչ-որ չափով հանրությանը բաժանվել են ՀՀ վարչապետի միջոցով, ի՞նչ արձագանքներ ունեք:
-Գիտեք ինչ, ես, ամեն դեպքում, չեմ հասկանում, թե քարոզչական պաստառը, նկարը, երգը.. Մի՞թե դրանք պետք է որոշիչ լինեն հանրության կարծիքի ձեւավորման կամ իր կամարտահայտման համար: Դրանք չպետք է լինեն որոշիչ, պետք է լինեն հիմնավորումները, հետեւաբար քարոզչությունը ակտիվ դեռեւս սկսված չի, չնայած մենք քարոզարշավի շրջանի մեջ ենք գտնվում: Քարոզչության ակտիվ փուլը դեռեւս սկսված չի, բայց բացատրական աշխատանքներ տարվում են, եւ կարծում եմ, որ սա իրականում այնքան պարզ հարց է, որ շատ երկար բացատրելու կարիք էլ չկա, շատ երկար պայքարելու կարիք էլ չկա, ես կանխագուշակություններ չեմ անի՝ ինչ է լինելու: Անկանխատեսելի է, քանի որ ես ինքս չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց մի բան հաստատ գիտեմ, որ մենք որոշել ենք, որ պետք է ժողովուրդը որոշի: Ժողովուրդը ինչ էլ որոշի, դա ընդունելու ենք՝ ի գիտություն:
-Քարոզչություն իրականացնելու ժամանակահատվածում ի՞նչ եք ներկայացնելու, արդյոք ասելո՞ւ եք, որ այս հանրաքվեն իրականացվելու է մեկ անձից՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար, ինչպես հայտարարում է ընդդիմությունը: Ի՞նչ եք քարոզելու:
-Դուք կարծում եք, որ ընդդիմությո՞ւնը ինձ համար պետք է ստեղծի օրակարգ եւ ինձ ասի, թե ես ինչի համար եմ պայքարում: Այդ դեպքում ես կարծում եմ, որ Դուք թեագնահատում եք թե՛ ինձ, թե՛ մեր թիմի անդամներին: Ընդդիմությունը շատ բան կարող է ասել, ընդդիմությունը անընդհատ բաներ է ասում, որոնք իրականությանը բացարձակ չեն համապատասխանում, դա իրենց գործն է: Սա մեկ անձի դեմ չէ, սա դեռ այն սկզբնական քայլն է բոլոր այն բարեփոխումների, հատկապես՝ դատական համակարգի անկախացման, որոնց հիմնական քայլը լինելու է ապրիլի 5-ին:
-Իսկ երբվանի՞ց եք սկսում ակտիվ քարոզչությունը:
-ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո:

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԴՐԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տեւական ժամանակ է՝ CV-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը հայտարարել է, որ ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքեն, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերիցվար փոխել, նոր կադրերով համալրել. վարչապետին դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում եւ շարունակելու է ուսումնասիրել, որպեսզի ընտրի այնպիսի աշխատողներ, որոնք կառավարությունում կաշխատեն պրոֆեսիոնալ ու կլինեն իրենց աշխատանքի գիտակը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պրոցեսը սկսվել էր դեռեւս անցած տարի, ու, կարելի է ասել, արդեն ինչ-որ բազա վարչապետն իր ձեռքի տակ հավաքել է ու փորձում է լավագույններին ընտրել՝ իր կառավարությունում աշխատելու համար: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին, որը, հանուն արդարության, պետք է նշել, որ իսկապես պրոֆեսիոնալ է ու նախարարությունից դուրս էր եկել արդարադատության նախարարի քմահաճույքով, եւ ուրախալի է, որ այժմ Վարդապետյանը վարչապետի օգնականն է:
Ի վերջո, երեկ նշանակվեց նաեւ վարչապետի մամուլի քարտուղարը: Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը Մանե Գեւորգյանն է, որը նախկինում աշխատել է «Սիվիլնեթ» լրատվական ծառայությունում: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը CV-ներ է հավաքում եւ կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաեւ կառավարության տեսակետը:

ՆՅՈՒԹԵՐԸ՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԹԵԺ  ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հերթական անգամ առողջապահական համակարգում խնդիրներ են առաջացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների պատճառով: Երեկ եւս Ազգային ժողովում բուռն քննարկումներ էին, եւ ուշագրավ է, որ Արսեն Թորոսյանը ներկա չէր: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 30-ին կառավարությունը կայացրել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշում, սակայն դրանից դժգոհ են թե՛ աշխատակիցները, թե՛ ոլորտի մասնագետները: Երեկ այդ թեմայով խորհրդարանում քննարկում էր կազմակերպել հենց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, որն էլ անցավ առանց Թորոսյանի: Եվ, ահա, չի բացառվում, որ այս որոշումն էլ արժանանա բժշկական հաստատությունների միավորման ճակատագրին եւ մի որոշ ժամանակ առկախված մնա: Ամեն դեպքում, երեկ քննարկումից հետո պատգամավորները հույս էին հայտնում, թե Առողջապահության նախարարությունը կվերանայի իր որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ իմքայլական պատգամավորները, կրկին դժգոհ էին այս գործելաոճից, նախարարի պահվածքից եւ երեկ իրար մեջ զրուցում էին, թե հերթական անգամ նախարարը նրանց դրել է դժվար դրության առջեւ: Հավելենք, որ քննարկմանը զուգահեռ ԱԺ դարպասների դիմաց ցույց էին անում հանրապետական կենտրոնի աշխատակիցները:

 

 

ԸՆԴԴԵՄ ԴԱՀԿ-Ի ԵՎ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ի
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության շուրջ նոր զարգացումներ են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գագիկ Բադալյանը եւ պահանջում է, որ գույքը արգելանքից հանեն, եւ այս գործով դատարանում որպես պատասխանողներ հանդես են գալու «Քեթրին գրուպ» ընկերությունը եւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Նշենք, որ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ՀՀ սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 29-ի վճռով, սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ն այդ ընկերության միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել: Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերությունը եւս սնանկ է ճանաչվել:




Լրահոս