Այս գարնանն ակտուալ են արհեստական լուքերը. գարնանային նորաձևության վերջին միտումները՝ ըստ ոճաբանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, իսկ շատերը նույնիսկ չեն էլ հասցրել իրենց զգեստապահարանները համալրել սեզոնին համահունչ զգեստներով եւ աքսեսուարներով: Գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ ընտրություն կատարելն ու ճիշտ կողմնորոշվելը տեղեկատվության առատության դեպքում ավելի է բարդանում: Նորաձեւության սիրահարները, իհարկե, կարող են հետեւել, թե ինչ միտումներ են թելադրում համաշխարհային դիզայներները, սակայն չէր խանգարի նաեւ կոնկրետ խորհուրդներ լսել անմիջապես մասնագետից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս տարի գարնանային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում, ի՞նչ նոր միտումներ եք նկատում:

-Այս տարի գարնանային հավաքածուներում գերիշխող են արհեստական կտորները, փայլերը, արհեստական նյութերից պատրաստված գործվածքներն ու աքսեսուարները:

-Իսկ ո՞ր գույներն են մոդայիկ:

-Վարդագույնի, կապույտի, մուգ մանուշակագույնի, բեժի, փայլուն եւ ոչ փայլուն շագանակագույնի, մարմնագույնի բոլոր երանգները: Համադրելի են բեժն ու սեւը, թեպետ սեւի հետ բոլոր երանգներն են համադրելի:

-Այս գարնանը դիզայներները ո՞ր գործվածքներին են նախապատվությունը տվել:

-Գարուն-ամառ հավաքածուում աչքի են ընկնում նուրբ գործվածքների վրա լաքային, լատեքսի էֆեկտով պրինտները, սակայն խորհուրդ չեմ տա զգեստապահարանն ամբողջովին լցնել նման հագուստով: Մեկ-երկու զգեստը բավական է, քանի որ դրանք շատ կարճ ժամանակ են մոդայիկ համարվելու: Հաջորդ սեզոնին արդեն փայլուն լատեքսից ու լաքից կարող են հազվադեպ դետալներ հանդիպել: Առհասարակ, ակտուալ են նուրբ, թեթեւ, խաղացող գործվածքները՝ ձեռագիր, տպագիր գրվածքներով, բնությունից վերցված դետալներով:

-Իսկ ի՞նչ տաբատներ եւ բլուզներ, վերնաշապիկներ, ժակետներ խորհուրդ կտաք կրել:

-Այս սեզոնին ավելի շատ ներկայացված են ոչ թե տաբատներ, այլ կոմբինիզոններ, ձիգ, մարմինն ընդգծող «տաբատա-կոմբինիզոններ»: Նորաձեւ են պիջակները, երկար, գոտկատեղի հատվածից կտրած կամ տձեւ, ոչ սիմետրիկ ձեւվածքով, մեկ օձիքով վերնաշապիկները: Այս տարի գարուն-ամառ հավաքածուներում նուրբ գործվածքներով ժակետները համալրված են կաշվե դետալներով, նույնիսկ նորաձեւության շատ տներ ներկայացրին կաշվե թելերով գործված ժակետներ, որոնք կարծես մետաղի էֆեկտ ունեն: Մեծ տարածում ունի մորթու, փայլուն քարերի գործածությունը ջինսերի հետ:

-Աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:

-Նորաձեւ են շատ մեծ գլխարկները, որոնք կարող եք կրել թե՛ գարնանը, թե՛ ամռանը: Թեեւ դրանք անհարմար են, նորաձեւության թելադրանք են համարվում: Մոդայիկ են մետաքսե գլխարկները, իսկ գլխաշորերը ակտուալ են ծովափնյա սեզոնի համար: Ակնոցներից հավաքածուներում աչքի են ընկնում 70-80-ականների սուր, քառակուսի եւ օվալ ֆորմաները: Կլոր ֆորմայի ակնոց նորաձեւության ոչ մի տուն շրջանառության մեջ չի դրել: Զարդերի դեպքում պահպանվել է մեծ ականջօղերի եւ ականջը կիպ գրկող կաշվե մոդելների կիրառման տենդենցը, նաեւ քառակուսի օղերն են շատ մոդայիկ: Կրկին մեծ պահանջարկ ունեն չոկերները:

– Առհասարակ, կրեատիվ ի՞նչ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս:

-Այս սեզոնին թրենդային են արհեստական լուքերը, որոնք ուսերը լայն են ցույց տալիս, նաեւ կիպ տաբատներն են ակտուալ: Այս երեւույթը նորաձեւության ոլորտում կարող է համարվել ոչ գրագետ մոտեցում, բայց այս տարի, չգիտես ինչու, ակցենտը դրված է արհեստական լուքերի վրա: Գուցե առաջ է քաշվում այն թեզը, որ ոչինչ միանշանակ չէ, եւ հարկավոր է կոտրել կարծրատիպերը: Ամեն դեպքում, խորհուրդ կտամ գերի չդառնալ նորաձեւությանը, փոխարենը կիրառել դետալներ, որոնք ամենաշատն են համապատասխանում ձեզ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս