ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեղատանը դանակի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան փողոցի դեղատներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, հարցուփորձ արել` որ հաբն ինչ արժե, և երբ դեղատան աշխատողը մոտեցել էր, սպառնացել էր դանակով, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր:

Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:
Ըստ նրա` հանցագործը միջահասակ էր, 25-ից 30 տարեկան: Դեմքը տեսնել չէր հաջողվել:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Եվ դեպքից մեկ օր անց կասկածյալը հայտնաբերվեց:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 28-ամյա մի բնակիչ:
Մարտի 9-ին Ֆուչիկի փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս