Ինչ իրավիճակ է Էջմիածնում այս պահին. մեկնաբանում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերված 3 դեպքերից հետո այս պահին խուճապ է հատկապես Էջմիածին քաղաքում, որտեղ բնակվում է կորոնավիրուսով վարակվածներից մեկը: Այս ամենի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթեւոսյան, ինչ իրավիճակ է այժմ Էջմիածին քաղաքում:

-Նախեւառաջ ասեմ, որ մենք Առողջապահության նախարարության եւ նախարարի հետ անմիջական կապի մեջ ենք: Բացահայտումից հետո տվյալ անձինք իզոլացված են ինֆեկցիոն կենտրոնում, խոսքը վերաբերում է նաեւ Էջմիածնի բնակչին: Նրա հետ շփում ունեցող անձինք, ում հետ նա վերջերս է հանդիպել եւ ավելի հաճախ ու սերտ շփվել, եւս իզոլացվում են այս պահին: Բայց խոսքը չի վերաբերում բոլոր այն մարդկանց, ում հետ նա հանդիպել է, այլ այն մարդկանց, ում հետ նա ավելի սերտ է շփվել եւ խոսքը վերաբերում է այդ անձանց:

-Հիմա այդ անձինք որտե՞ղ են գտնվում:

-Նրանք իզոլացվել են իրենց բնակության վայրերում, ինֆեկցիոն կենտրոնի աշխատակիցների հսկողության տակ են: Այն բոլոր աշխատակիցները, որոնք շփում են ունեցել, իրենց եւս իզոլացրել ենք նույն կերպ: Նրանք եւս ինքնամեկուսացվել են եւ մնացած մարդկանց, եթե կարիք կա մեկուսացնելու արդեն «Գոլդեն Փելիս»-ում, այս մասով եւս աշխատանքներ են տարվում, առանձին ստուգումներ են տարվում:

-Բայց արդյո՞ք Դուք վստահ եք, որ ինքնամեկուսացված մարդիկ կհետեւեն հրահանգներին:

-Այո՛, կան մարդիկ, որոնք խիստ մոնիթորինգի տակ են,  եւ այդ գործընթացը գործում է բոլոր երկրներում: Ես չեմ բացառում, որ մարդիկ կլինեն, որոնք առանձին եւս կմեկուսացվեն Ծաղկաձորում: Այս պահին հստակ թիվ չենք կարող ասել, քանի որ աշխատանքներ են տարվում, ստուգվում են նրանց հետ շփված անձանց շրջանակը:

-Իսկ ուսումնական հաստատություններում դասերը ընթանո՞ւմ են:

-Երբ Դուք զանգահարեցիք, ես այդ պահին զրուցում էի նախարարի հետ այդ հարցով: Եթե հարկ լինի, ապա այդպես կանենք ամբողջ հանրապետությունում, ինչպես եղավ մարտի 1-ից հետո, երբ հաստատվեց առաջին դեպքը: Եթե ոչ, ապա հնարավոր է՝ Էջմիածնի դպրոցներում եւ մանկապարտեզներում այդպես վարվենք: Ես հանձնարարություն եմ տվել, որ խիստ վերահսկողություն լինի բոլոր ուսումնական հաստատություններում, նաեւ «Ալկոգելների» տրամադրում: Իսկ ինչ վերաբերում է բացակայություններին, ապա Էջմիածնում դա հասնում է 38 տոկոսի, իսկ մարզում՝ 10 տոկոսի: Այս պահին քաղաք մուտքն ու ելքերը բաց են եւ իրատեսական չէ փակել, քանի որ վիրուսը չի վերաբերում միայն Էջմիածին քաղաքին: Եթե հարկ եղավ, առաջին քայլը կլինի ուսումնական հաստատությունների փակումը, իսկ այս պահին կատարվում են բոլոր բժշկական միջոցառումները:

Զրուցեց՝ Նատալյա Պողոսյանը




Լրահոս