ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ի` ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին: Թեժ գծի ահազանգը ներկայացվել է նախարար Դավիթ Տոնոյանին, որն էլ բողոքը ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: ԶՈՒ-ն ու իրավապահները, սակայն, հետամուտ չէին եղել, ինչի հետեւանքով ամիսներ անց զորամասի զինվոր Վահրամ Ավագյանը մահացավ, եւ դրա հետեւանքով կալանավորվեցին Աժ պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, եւ եւս երկու անձ:

Այս դեպքերի արդյունքում գլխավոր դատախազը հրահանգել էր ստուգել վարույթը կարճելու որոշման վերացման հիմքերի առկայությունը եւ կայացնել համապատասխան որոշում: 1 ամիս անց պարզ է դառնում, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք է փակել զորամասում տիրող իրավիճակի վրա: Եվ, ահա, ստուգումից անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ պարզվեց ուսումնասիրության արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել եւ ստուգվել է ինքնությունը չպարզված զինծառայողի կողմից այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ 2019թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ քննված քրեական գործով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների օրինականությունը: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ շարքային ժամկետային զինծառայողը, 2019թ. հոկտեմբերի 27-ին գտնվելով արձակման մեջ, նախատեսված վերջնաժամկետին՝ ժամը 20։00-ին, զորամաս չի վերադարձել։ Մոտ երեք ժամ անց միայն նա հայտնաբերվել է եւ տեղափոխվել ծառայության վայր։
Դեպքից երեք օր անց՝ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում, նշված զինծառայողի հարազատներից մեկը ՀՀ ՊՆ ՌՈ թեժ գծի միջոցով ահազանգել է, որ զինծառայողը փախուստի փորձ է կատարել համածառայակիցների կողմից պարբերաբար ծեծի ենթարկվելու պատճառով: Արդեն նախաքննության ընթացքում վերջինս հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ միայն ենթադրել է, թե արձակումից զինծառայողի չվերադառնալը կարող է պայմանավորված լինել համածառայակիցների կողմից նրան բռնության ենթարկելու հանգամանքով: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված այլ փաստական տվյալները՝ նախաքննության մարմինը կայացրել է նշված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումներ:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ նախաքննությամբ չի ապահովել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ, ինչի արդյունքում, հակասական տեղեկությունների առկայության պայմաններում, բավարար չափով չեն պարզվել ապացուցման ենթակա էական հանգամանքներ: Մասնավորապես, քննություն չի կատարվել՝ պարզելու այլ զորամաս տեսակցության գնալու, մոլորվելու մասին զինծառայողի հայտնած տեղեկությունների իսկությունը, քննության առարկա չեն դարձվել գործում առկա ակնհայտ հակասական տեղեկությունները զինծառայողի հայտնաբերման տեղի եւ հանգամանքների, ծնողների եւ հարազատների հետ զինծառայողի հեռախոսազրույցների ժամկետների վերաբերյալ: Չեն ձեռնարկվել բավարար քննչական, դատավարական, ինչպես նաեւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի շարք այլ, այդ թվում նաեւ թեժ գծով ահազանգած անձի կողմից հայտնած նախնական տեղեկատվությունը ստուգելու, զորամասում տիրող իրավիճակի, զինծառայողի նկատմամբ անօրինական ներգործություն գործադրելու, առանձին զինծառայողների դրսեւորած վարքագծի, համածառայակիցների նկատմամբ նրանց վերաբերմունքը, փոխհարաբերությունները, դրանց պատճառները պարզելու ուղղությամբ։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է նշված քրեական գործով կայացված՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումները, ինչի արդյունքում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է»: ՀՀ գլխավոր դատախազությունը իր պաշտոնական պատասխանում նշում է, որ նախաքննությամբ չի ապահովել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ… Չեն ձեռնարկվել բավարար քննչական, դատավարական, ինչպես նաեւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ասել է թե՝ այս իրավիճակը ստեղծվել է հենց իրավապահների անգործության հետեւանքով, գործը վերահսկող դատախազը տեղում չի եղել, քննիչը անհրաժեշտ գործողություն չի կատարել, ռազմական ոստիկանությունը եւ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժինը կոնկրետ քայլեր չի իրականացրել, ինչի հետեւանքով «էլիտար» զորամասի արտոնյալները շարունակել են իրենց գործողությունները, որի հետեւանքով էլ ամիսներ անց ունեցանք զոհ: Այս իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան, ռազմական նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, որոնք, որպես ոլորտի պատասխանատուներ, տեղում չեն եղել, եւ իրենց ենթակաները, ինչ-ինչ շարագրգռվածությունից ելնելով, գործ են փակել տվել, որի հետեւանքով զինվոր է մահացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՊՈՑՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ
Հայտնի է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական հաստատություններ։ Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները։

 

 

 

ՉԻ ՓՈՓՈԽՎԻ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվի: Այս մասին ասել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է կալանավորման որոշման դեմ իր բողոքը: Այն հարցին՝ Վճռաբեկ բողոք ներկայացվել է արդյոք, պաշտպանը բացասական պատասխան . տվել՝ նշելով, որ սպասում է նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին. դրանց վերաբերյալ նա դեռեւս տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուսակյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, նոր մեղադրանք է առաջադրվել, որ նա ՔԿՀ պետին դրդել է պաշտոնական լիազորությունները անցնել: Գործը քննող դատավորը հայտնի է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 22.07.2014թ. թիվ ՇԴ/0011/01/14 դատավճռով դատապարտվելով ազատազրկման եւ պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է հիշյալ հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ. Վարագյանին վերջինիս կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Ժորժիկ Վարագյանի գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ԱՆ ՔԿ ծառայությունը, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը: Իսկ ի՞նչ է արել ՔԿՀ նախկին պետը պատգամավոր եղբորորդու հետ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչեւ 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժորժիկ Վարագյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետեւանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր:
Մասնավորապես, պետը, տեղյակ լինելով, որ հիշյալ օրը «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վահե Ղուկասյանի հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր, կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն՝ միջոցներ չի ձեռնարկել, կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված, արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու եւ առգրավելու ուղղությամբ: Փոխարենը այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, եւ արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին: Առաջադրված մեղադրանքում Ժորժիկ Վարագյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունք: Ասել է թե՝ ՔԿՀ արդեն նախկին պետը պատգամավորի եղբորոորդու հետ գործարքի է գնացել: Ի դեպ, երբ ՔԿ ծառայության պետ նշանակվեց Արթուր Գոյունյանը, պաշտոնից ազատեց մի շարք բանտապետերի, որի մեջ էր նաեւ Ժորժիկ Վարագյանը:
Այսպիսով, սույն գործն ընդունվել է վարույթ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս