«Փակուղում» հայտնվածները. 4 գերտրանսֆեր, որոնք կարող են չկայանալ COVID-19-ի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ՝ մեզ նոր ֆուտբոլային աշխարհ է սպասվում»,- այսպիսի կարծիք էր հայտնել գերմանական «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը։

Դժվար է չհամաձայնել Հյոնեսի հետ, սակայն պետք է նաեւ ընդգծենք այն, որ համաշխարհային ֆուտբոլը, անուամենայիվ, որոշ ժամանակ հետո կրկին կդառնա «հին ու բարի» օրերի նման։ COVID-19 կորոնավիրուսի պատճառով դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Ակումբները չեն անցկացնում հանդիպումներ, չունեն եկամուտ, սակայն աշխատավարձեր են վճարում թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին եւ մյուս աշխատակիցներին։ Այդ փաստը անշուշտ ճգնաժամի առաջ կկանգնեցնի բոլորին։ Ամեն դեպքում, կան թիմեր, որոնք այս ճգնաժամից կարող են օգտվել՝ դիմելով խորամանկության եւ թիմում պահելով իրենց առաջատար ֆուտբոլիստներին։ «Ժողովուրդ» օրաթերթը Ձեզ է ներկայացնում այն ֆուտբոլային գերաստղերին, ովքեր արդեն 1 ոտքով իրենց թիմերում չէին, սակայն COVID-19-ի պատճառով, ամենայն հավանականությամբ, իրենց ակումբային գրանցումը փոխել չեն կարողանա։

Նեյմար (ՊՍԺ)

Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային հարձակվող Նեյմարը նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ «պրծնել» փարիզյան թիմի ղեկավարության ճիրաններից եւ ուղեւորվել Կատալոնիա։ Չստացված գործարքը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն պատրաստ էր ավարտին հասցնել առաջիկա ամռանը, սակայն համաշխարհային ֆուտբոլի դուռը թակեց ճգնաժամը, ինչն էլ արդեն հասցրել է խառնել կատալոնական հսկայի խաղաքարտերը։

Պարզից էլ պարզ է՝ Նեյմարի համար «Բարսելոնան» ստեղծված իրավիճակում 200 մլն եվրո վճարել չի կարողանա, սակայն «բլաուգրանան» հեշտ հանձնվողներից չէ։ Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport-ը, կատալոնացիները կփորձեն գերշահավետ գործարք առաջարկել շեյխերին։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» պատրաստ է փարիզցիների զիջել իր ֆուտբոլիստներից մի քանիսին, որոնց թվում են նաեւ Ֆելիպե Կոուտինյոն եւ Անտուան Գրիզմանը։

Այսպիսի հյութալի առաջարկի սիրո մայրաքաղաքը ներկայացնող ակումբի ղեկավարները կարող են չդիմանալ։ Այնպիսի տպավորություն է, որ Կատալոնիայի մայրաքաղաքում տառապում են Նեյմարին վերադարձնելու մտքից եւ դրա համար կարող են գնալ ոչ կշռադատված քայլերի։ Ամեն դեպքում, իրատեսական չէ, որ «Բարսելոնան» հանուն Նեյմարի կգնա այդպիսի զոհողությունների, իրատեսական չէ նաեւ այն, որ «Բարսելոնան» կկարողանա վճարել նրա համար պահանջվող հրաժարագինը։

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Փարիզյան «հրոսակախմբի» եւս մեկ ներկայացուցիչ։ Ֆրանսիացի «մոտոցիկլը» առաջիկա ամռանը պետք է տեղափոխվեր Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես Նեյմարի, այնպես էլ Մբապեի համար պահանջվող գումարը անցնում է մարդկային երեւակայության սահմանը։ Անձամբ Մբապեն շատ էր ցանկանում համալրել մադրիդյան թիմի շարքերը, սակայն համաճարակը Կիլիանին կստիպի առնվազն մեկ մրցաշրջան էլ անցկացնել ՊՍԺ-ում։ Մբապեն ընդամենը 21 տարեկան է եւ դեռ հնարավորություն կունենա իր երազանքը իրականացնելու, բայց դեռ պետք է մտածի փարիզյան թիմին հաղթանակներ պարգեւելու մասին։

Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Անգլիական «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը նույնպես ցանկություն է հայտնել փոխել ակումբային գրանցումը։ «Տոտենհեմը» արդեն տրամադրվել էր, «Տոտենհեմն» արդեն գիտեր, որ Քեյնին թիմում պահելը անհնարին մի բան է, բայց, արի ու տես, Քեյնը այս պահի դրությամբ ավելի հավանական է, որ մնա թիմում, քան հեռանա։ Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել, եւ դա է նրա հեռանալու ցանկության պատճառը։ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւին հստակ պահանջ է դրել բոլոր այն ակումբների դիմաց, ովքեր ցանկանում են գնել Քեյնի տրանսֆերը։ Այդ պահանջը կապված է գումարների հետ, շատ գումարների հետ։ Լեւին անգլիացի հարձակվողի դիմաց 200 մլն եվրո է պահանջում, որը այս պահի դրությամբ վճարել չի կարող եւ ոչ մի ակումբ։ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են մանչեստերյան 2 ակումբները՝ «Սիթին» եւ «Յունայթեդը»։ Նրանց մնում է միայն համոզել Լեւիին եւ համաձայնության գալ տրամաբանական գումարի սահմաններում։

Պոլ Պոգբա («Մանչեստեր Յունայթեդ»)

Ֆուտբոլային երկնակամարում փայլող աստղերից այս մեկին ցանկացանք անդրադառնալ վերջինը։ Այս ճգնաժամից երեւի թե ամենաշատը կտուժի «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով արդեն երկար ժամանակ է փորձում փախչել «Կարմիր սատանաների» «բանտից», սակայն Գլեյզերների ընտանիքը Էդ Վուդվորդի թեթեւ ձեռքով Պոգբայի համար փակել էր հեռանալու բոլոր դռները։ Այնուամենայնիվ, երկար տանջանքներից հետո Պոգբան կարծես կարողացել էր գտնել հեռանալու ճանապարհը, սակայն ամեն ինչ նորից դառնում է առաջվանը։

Իրականում Պոգբայի տրանսֆերային արժեքը այդքան սարսափելի չէ, որքան Նեյմարինը։ Նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել «Յուվենտուսն» ու «Ռեալը», եւ Պոգբան էլ ցանկանում է հեռանալու դեպքում այս 2 ակումբներից մեկը տեղափոխվել։ Նրա համար պահանջվելիք 100 մլն եվրոն կարող է վճարել «Ռեալը», բայց ոչ «Յուվեն»։ Վերջիններս անգամ կարող են վաճառել Ռոնալդուին ճգնաժամը հեշտ հաղթահարելու համար, իսկ, ահա, «Ռեալը» գտել է Ֆեդե Վալվերդեին, ով ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում, եւ այդ 100 մլն-ը կարող է օգտագործել այլ նպատակների համար։ Դե ինչ, Պոգբան էլ կարող է հիանալի զույգ կազմել Բրունո Ֆերնանդեշի հետ, որն էլ կարող է Պոլի մոտ իսպառ վերացնել հեռանալու ցանկությունը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս