Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։ «Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»։
Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։
Նշված անձի գրառումը վերաբերում էր մարտի 31-ին արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր։
Սերժ Թանկյանի անունից նշված գրառման տարածումից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին հայտնվել «հայկական արմատներով հռչակավոր ամերիկացի երգիչը սատարում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կոչին» վերնագրով նյութեր։
Հայազգի երգչի կատարած գրառումը ցույց է տալիս, որ նշված սադրանքն իրականացվել է միտումնավոր կերպով, և նա որևէ կապ չունի այդ գրառման տարածման հետ։