ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երգիչ-երգչուհիներ, որոնք նաեւ երգահան են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն երգիչ-երգչուհիներին, որոնք, բացի երգեր կատարելուց, նաեւ հեղինակում են դրանք: Երգահան աստղերը գրում են թե՛ իրենք իրենց, թե՛ կոլեգաների համար: Նրանցից շատերի երգերը մնացել են մարդկանց հիշողություններում, եւ նույնիսկ այն գործերը, որոնք գրվել են ավելի վաղ, արդիական են նաեւ այսօր:

Հայկո

«Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին արժանացած երգիչ Հայկոն նաեւ երգահան է: Նրա գրած սաունդթրեքերը երկար մնում են մարդկանց հիշողություններում: Հայկոն հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ», «Մեր սրտի տնակը» եւ այլ ֆիլմերի երաժշտություններ: Նա երգեր է գրել Սիրուշոյի, Տիգրան Պետրոսյանի, Հռիփսիմե Հակոբյանի եւ այլոց համար:

Սիրուշո

Սիրուշոն 7 տարեկան հասակից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը եւ երգի խոսքերը հայերենով ու անգլերենով, որից մեկ տարի անց ունեցել է առաջին բեմական ելույթը: 9 տարեկանում ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար: Սիրուշոն մի շարք հայերեն եւ անգլերեն երգերի հեղինակ է: Նա գրել է երգեր նաեւ իր մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի համար: Սիրուշոն հեղինակել է «Судьба Зима» երգը, որը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը:

Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանը դեռեւս 1998թ. «Այո» շոու-ծրագում ճանաչվել է «Լավագույն հեղինակային կատարող»: Նրա գրած երգերը յուրահատուկ են եւ տարբերվող: Դրանք աչքի են ընկնում իրենց մեղեդայնությամբ: Հասմիկ Կարապետյանը մի առիթով խոստովանել է, որ երբ անձնական կյանքում ամեն բան հրաշալի է, ավելի դժվար է ստեղծագործելը. ամեն դեպքում, լավագույն երգերը ծնվում են թախիծից: Հիմա Հասմիկ Կարապետյանը ստեղծագործական կյանքում ավելի պասիվ է, քան, օրինակ, 10 տարի առաջ:

Արսեն Գրիգորյան

«Ռոմանսի Արսեն» մականունը ստացած երգիչը նաեւ մի շարք հիթերի հեղինակ է: Նա 2005-ին՝ «Կռունկ» երաժշտական փառատոնի, 2006-ին՝ Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության, եւ 2007-ին Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին: Նրա երգերն առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ եւ մեղմությամբ:

Գրիգոր Կյոկչյան

Գրիգոր Կյոկչյանը եւս հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ եւ խոսքեր: Նա համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Սոֆի Մխեյան, Միհրան Ծառուկյան, Սիլվա Հակոբյան, Անահիտ Շահբազյան, Անդրե, Արթուր Իսպիրյան եւ այլք: Գրիգորն այն ճկուն աստղերից է, որոնք կարողանում են գրել ե՛ւ մնայուն երգեր, ե՛ւ կոմերցիոն գործեր, որոնք նա համարում է պարզապես գումար աշխատելու միջոց: Գրիգորն այն համոզմանն է, որ երգը պետք է լինի շոու-բիզնեսի կամ արվեստի համար. այն չի կարող բավարարել թե՛ մեկի, թե՛ մյուսի պահանջները:

Նարինե Դովլաթյան

Այս երգչուհին եւս այն աստղերից է, որոնք չեն դադարում ստեղծագործել: Նարինե Դովլաթյանը 2010թ. կատարել է «Beautiful Sunday» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է: Երգը նրան մեծ ճանաչում է բերել: Առաջին տեսահոլովակն էլ նկարահանել է հենց այդ երգի հիման վրա: Նարինեն 2012թ. ամռանը ներկայացրել է «Opposite things» երգը, որը դարձել է ռուսական «Что творят мужчины» ֆիլմի սաունդթրեքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս