Չնախատեսված վայրում աղբ թափելու համար պատասխանատվության միջոցը կիրառելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն առաջարկվում է վերապահել ՀՀ ոստիկանությանը։
Այս մասին տեղեկացնում է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։
«Ներկայումս տվյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում և պատասխանատվության միջոցը կիրառում է ՀՀ ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով Ոստիկանությունն առաջարկում է այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից»,- նշված է Ոստիկանության կողմից մշակված նախագծում։