Հարց. Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: Ինչպես կմեկնաբանեք դա:
Պատասխան. Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:
Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը: