Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով, որում մասնավորապես ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային
արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:
Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է եւ այդ համագործակցության
շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եւ ուրեմն, աշխատանքի կարեւորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլեւ ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:

Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետեւ շարունակում եմ համոզված մնալ, որ
անհատական ջանքը եւ այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձեւը: Առանձնապես
կարեւոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների,  հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է եւ ուրեմն մեր բոլոր
հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձեւով:

Սիրելի՛ ժողովուրդ,
Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի
ծանրաբեռնված եւ ռիսկային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության,
սննդամթերքի, բժշկական պարագաների եւ դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի նաեւ այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝
շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության
հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու եւ հետագա
զարգացման ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր
հետեւողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:
Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց եւ ընկերություններին, ովքեր
աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ:
Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլեւ օգտվեցինք այն
պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում,
երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը եւ աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք
ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարեւոր երաշխիք է, եւ բոլոր աշխատողներին կոչ եմ
անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը եւ աջակցել կառավարությանն իրենց իսկ
աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր
աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է,
շարունակվելու եւ հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:
Շնորհավոր Մայիսի 1 եւ կեցցե՛ ստեղծարար աշխատանքը:




Լրահոս