Դիմակավորված 2 անձինք մտել են տարեց կնոջ բնակարան՝ կպչուն ժապավենով կապել ձեռքերը եւ պահանջել գումար. հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար և ոսկյա մատանի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերևույթ ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի տարեց բնակչուհու տուն, հարձակվել վերջինիս վրա, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և որպես զենք օգտագործած դանակով նրա կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են ոսկյա զարդեր և գումար: Այնուհետև, կնոջ մատից հանելով ոսկյա մատանին, տան պահարանների մեջ հայտնաբերելով և հափշտակելով կանխիկ գումար, բջջային հեռախոս, որսորդական ողորկափող հրազեն՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս