Կասեցնել մինչև 500 հազար դրամի չափով եղած արգելանքները. նոր առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, նրանք առաջարկում են, որպեսզի այս ընթացքում  500 հազար դրամի չափով եղած արգելանքները կասեցվեն, և նոր արգելանքներ չկիրառվեն:

Մասնավորապես, օրենքի փոփոխությամբ նրանք ցանկանում են այսպիսի դրույթ ավելացնել. «Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է եւ նոր արգելանքներ չեն կիրառվում»:

Նախագծի մեկնաբանության մեջ նախագծի հեղինակները նկատում են. «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը  եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը:

Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների, ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվել  բանկային հաշիվներից, որում առկա դրամական միջոցները  կարող են արգելանքի տակ լինել՝ «Դատական ակտերի հարկադիր կատարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հարկադիր կատարողի կողմից:

Կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների ֆինանսական վիճակը հնարավորինս թեթեւացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից՝ ֆիզիկական անձանց  մինչեւ  հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, նոր արգելանքներ չկիրառել եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները:

Առաջարկվող օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի  քաղաքացիներին ապահովել իրենց մինիմալ կենսամակարդակը»:

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է մայիսի 4-ին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս