Եթե Մերի Մակարյանը չամուսնանա, էքստրասենսը խայտառակ կլինի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանը շուտով հանդես կգա նոր գեղարվեստական ֆիլմում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական պլանների մասին` անդրադառնալով նաեւ անձնականին:

-Մերի՛, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք միայն հաղորդավարուհու դերում, այնինչ, տեւական ժամանակ հեռուստադիտողի աչքը սովոր էր տեսնել Ձեզ սերիալի շրջանակում: Որպես դերասանուհի էկրան վերադառնալու ծրագիր կա՞:

-Այո՛, նկարահանվելու եմ գեղարվեստական ֆիլմում, այն կատակերգություն է, սակայն չեմ ուզում այդ մասին մանրամասներ հայտնել: Միայն կասեմ, որ ինքս շատ հեռու եմ այդ ֆիլմում մարմնավորած իմ կերպարից. դժվար աշխատանք է, սակայն փորձում եմ հաղթահարել:

11026305_920306881348813_3152425142000844834_n

-Կան կարծիքներ, ըստ որոնց՝ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի շրջանակում ներկայանալով որպես հաղորդավարուհի` էքստրասենսներին երբեմն տալիս էիք սադրիչ հարցեր, որոնք դուր չէին գալիս հյուրերին: Ի՞նչ կասեք:

-Դե, դա իմ աշխատանքն է, ես հաճախ եմ ասում` իմ դերերից մեկն է, եւ ուրախալի է, որ իմ հարազատ մարդիկ, ընկերները երբեմն չեն հավատում, որ էկրանից այն կողմ գտնվող աղջիկը ես եմ. դա ինձ համար մեծ հաղթանակ է:

-Էքստրասենսներից մեկը, կարծեմ, կանխագուշակել էր Ձեր ամուսնությունը, այո՞:

-Այո՛, Անին էր: Վերջերս էլ ասաց` շուտ արա՛, ես դեռ երբեք չեմ սխալվել, հիմա որ դու հանկարծ չամուսնանաս, խայտառակ կլինեմ, մի բան պետք է անես (ծիծաղում է):

11406775_910327439013424_7716935579815188307_n

-Այս տարիների ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է «ձերբազատվել» «Դժվար ապրուստի» Մերիի ստվերից:

-Քիչ-քիչ ստացվում է, թեեւ մինչեւ այժմ էլ կան մարդիկ, որոնք ասոցացնում են ինձ իմ կերպարի հետ: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ խաղացած դերի միջոցով նման տպավորություն գործել: Նայում եմ սերիալից կադրեր եւ զարմանում եմ, թե ինչպես եմ խաղացել այդ դրվագներում…Ես բոլորովին այլ մարդ եմ: Սակայն ցավալի է, որ մարդիկ կարող են այդ աստիճան լուրջ ընդունել քո կերպարը: Մի անգամ ինձ զանգահարեցին, լուրջ-լուրջ ասացին` Գոռը Էլենի հետ գնացել է Ժորիկի հարսանիքին… Դա ինձ համար աբսուրդ էր, բայց հավատացեք` կան այդպիսի մարդիկ:

-Իսկ Ձեր կերտած «սեւ» կերպարի հանդեպ հեռուստադիտողների զգալի մասի տածած ատելությունը երբեւէ տարածվե՞լ է Ձեր անձի վրա:

-Այո՛, չնայած ես փորձում եմ թեթեւ նայել այդ ամենին, բայց իմ հանդեպ ատելություն, նախանձ այնքան շատ եմ զգացել, չեք պատկերացնի…Իմ հանդեպ ագրեսիվ պահվածք են դրսեւորել, նամակներ են ուղարկել…Ամեն դեպքում այդ հանգամանքն ինձ շատ է օգնել, ես դրանից շատ ուժեղացել եմ, դժվարությունները հաղթահարել եմ ինքս:

11001732_852231024823066_3149137934318954491_n

-Դուք համարվում եք հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ աղջիկներից մեկը: Ո՞րն է գաղտնիքը:

-Կնոջ արտաքինը, դիմագծերն ընդամենը նախապայման են` ինտեգրվելու հասարակությանը, բայց դրանք կարող են ժամանակավոր արդյունավետություն ունենալ. ժամանակի ընթացքում կարող է բացահայտվել, որ այն, ինչ դու ունես, սին է: Ուստի պետք է մարդկային տեսակը հետաքրքիր լինի, շինծու չլինի:

-Կա՞ն բաներ, որոնք, ըստ Ձեզ, կինը երբեք չպետք է իրեն թույլ տա:

-Այո՛, կինը չպետք է դավաճանի, թեեւ այնքան դժվար է մնալ անդավաճան…Նախանձում եմ այն զույգերին, որոնք երդվում են «տեր» եւ «հնազանդ» լինել եւ կարողանում եմ իրենց հետագա ամուսնական կյանքում պահպանել այն, ինչ եղել է ամենասկզբում: Ինքս շատ նվիրվող տեսակ եմ եւ կուզենամ, որ իմ տղամարդը դա գնահատի: Ես չեմ ընդունում կանանց գռեհիկ պահվածքը, նաեւ այն, որ կանայք փորձում են տղամարդկանց հավասար լինել: Կինը պետք է տղամարդուն մեծարի, տղամարդուն ոչ թե տղամարդ դարձնի, այլ թողնի: Այսօր շատ դժվար է գտնել մի տղամարդու, որն իրոք տղամարդ է, ուստի կանայք խուսափում են որեւէ մեկին ներս թողնել:

-Իսկ Ձեր շրջապատում նշմարվո՞ւմ է մեկը, որի` Ձեր կողքին հայտնվելը հնարավոր եք համարում:

-Այո՛:

-Նա գիտի՞ այդ մասին

-Իհարկե, ես պետք է զգամ ինչ-որ բան, նոր սկսեմ մտածել, որ այդպիսի բան կարող է լինել: Գուցե ինքն էլ զգա իմ կողմից ինչ-որ բան…Եթե պետք լինի որեւէ քայլ անել, իհարկե, կարող եմ անել. դա շատ գեղեցիկ երեւույթ է, բայց ես առաջինը չեմ նկատում, ինձ են նկատում, այդ նշաներից հետո նոր ես էլ եմ սկսում նկատել…

-Այսինքն` հիմա Ձեզ էլ են նկատել, Դուք էլ եք նկատել:

-Այո՛:

-Իսկ Ձեր հանդեպ ուշադրությունը նկատելուց հետո նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնող տեսա՞կ եք:

-Դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, ամեն դեպքում, երկուսի նախաձեռնությունն էլ շատ կարեւոր է:

-Ե՞րբ եք Ձեզ երջանիկ զգում:

-Վերջերս մեկն ինձ մաղթեց, որ ցանկացած հարցում բավարարված լինեմ: Հենց դա է ինձ համար երջանկությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս