Հայրենիքում եմ ստեղծագործական լիցքեր ստանալու համար. Տաթև Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին «Հանդիպում կոմպոզիտորի հետ» խորագրի շրջանակներում Նարեկացի Արվեստի Միության հյուրն էր ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու Տաթև Ամիրյանը: Նա ունկնդրին ներկայացրեց վերջին տարիներին գրած դաշնամուրային ստեղծագործությունները և հանդես եկավ դրանց հեղինակային կատարմամբ: Հանդիպումը հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ նրա ստեղծագործական առանձնահատկություններին և ոճային բազմազանության մատուցման հնարավորություներին:

Տաթև Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների` գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի և Տակահիրո Ակիբայի, «Carme Diem» լարային կվարտետի, «Oktoplus» անսամբլի և Կանզաս քաղաքի «Metropolitan Choral» երգչախմբի կատարմամբ: 2014-ին նրա «Waiting For The Dawn» ստեղծագործությունն ընդգրկվել է Հայկ Մելիքյանի «Echoes of Altar» դաշնամուրային ալբոմում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին:

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ հայազգի կոմպոզիտորը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները` դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Տաթև Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: 2011թ. արժանացել է «Armenian Allied Arts» 71-րդ մրցույթի ստեղծագործական 1-ին մրցանակին, իսկ 2012 թ.` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և «Metropolitan Choral» երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին:

Կոմպոզիտորի հետ զրույցը Հայաստան կատարած իր այցելության, ստեղծագործական  գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ է.

Ունկնդիրների հետ այսօրվա հանդիպումից ինչպիսի՞ տպավորություններ ու լիցքեր ստացաք։

– Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ այս հանդիպումը, քանի որ վաղուց չէի եղել Հայաստանում: Մեծ բավականություն է առնչվել հայ ունկնդրի հետ: Ինձ համար թերևս ամենահաճելին հենց հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալն է, քանի որ նա ամենից ճիշտ է ընկալում և արձագանքում իմ ստեղծագործություներին:

Մեր օրերում դժվար է գոհացնել երաժշտասեր լսարանին, ձեր ստեղծագործություններում ի­՞նչ առանձնահատուկ էլեմենտներ եք օգտագործում, որ կարողանաք գրավել ունկնդրին:

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ կոմպոզիտորի նպատակն է ստեղծել բարձրարվեստ, ժամանակին դիմակայող և մնայուն երաժշտություն: Ըստ իս՝ երաժշտարվեստը պետք է հասանելի լինի և պրոֆեսիոնալ լսարանին, և երաժշտասեր հասարակությանը, քանի որ արվեստն ինքնին կրթող, բարձրացնող և հոգևորը սնուցող գործոն է:

Ինձ համար ստեղծագործելն առաջին հերթին ինքնաարտահայտման միջոց է: Ես հանդիսատեսին գոհացնելու համար ոչ մի նպատակային բան չեմ անում, ամենակարևորը, որ անկեղծ լինեմ ինքս իմ առջև, արտացոլեմ այն, ինչ ապրում եմ, ինչ կատարվում է իմ ներսում, քանի որ դա է հանդիսատեսի հոգուն հասնելու ամենաուղիղ ճանապարհը և երաժշտության մեջ հաջողության հասնելու գրավականը: Եթե դու անկեղծ ես քո երաժշտության մեջ, ինքնին անմիջական ու հարազատ կապ է ստեղծվում հանդիսատեսի հետ:

????????????????????????????????????

– Տարբեր երկրների հեղինակավոր բեմերում և հաստատություններում են հնչել ձեր ստեղծագործությունները, իսկ կա՞ այնպիսի վայր, որտեղ հատկապես կցանկանայիք լսելի դառնար ձեր երաժշտությունը։

– Ես շատ կցանկանայի, որ իմ երաժշտությունն ավելի հաճախ հնչեր Հայաստանում, քանի որ ինձ համար անչափ կարևոր է հենց հայ հանդիսատեսի արձագանքն ու գնահատականը, որն ինձ առանձնահատուկ ուժ ու ոգևորություն է տալիս:

Ինչպիսի՞ առավելություններ և դժվարություններ կան ԱՄՆում կոմպոզիտորների համար։

– Առավելությունների առումով կարող եմ նշել, որ Միացյալ Նահանգներում շատ մեծ հնարավորություններ կան, որ Հայաստանը չի ընձեռում արվեստի մարդկանց: Կա ավելի մեծ ուշադրություն, հետաքրքրություն, բազմազան լսարան, յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է գտնել իր հանդիսատեսին, ավելի շատ են գումար վաստակելու հնարավորությունները և մեծ հետաքրքրություն ու գնահատանք կա հատկապես այլ ազգերի մշակույթի նկատմամբ:

Ինչ վերաբերում է դժվարություններին, կոնկրետ ինձ համար ամենադժվարը հայրենիքից հեռու ստեղծագործելն է և հայ լսարանից կտրված լինելու հանգամանքը: Միացյալ Նահանգների պես հսկա երկրում, որն ունի ահռելի մեծ և բազմամազան երաժշտական դաշտ, շատ դժվար է կայանալ որպես կոմպոզիտոր և պահպանել ազգային պատկանելությունը: Բացի այդ, կա նաև շատ մեծ մրցակցություն, որն ինչ-որ տեղ ստիպում է, որ ավելի շատ աշխատես քեզ վրա և ձգտես ավելիին:

Ձեզ համար մրցանակներ նվաճելը և ճանաչում ձեռք բերելը նպատա՞կ է, թե՞

– Ճանաչված լինելն ու տիտղոսներ ունենալը ինձ համար երբեք չի եղել կարևոր և առաջնային: Ամենամեծ մրցանակը կամ պարգևատրությունն, ինձ համար իհարկե, հանդիսատեսի գնահատականն է և նրա հետաքրքությունն իմ արվեստի հանդեպ:

unnamed (1)

Հետաքրքիր է, երբ ստեղծագործել չի ստացվում, ուժերը սպառվում են, ինչպե՞ս եք կարողանում վերականգնվել, մոտիվացիոն լիցքեր գտնել, ո՞ւր եք սովորաբար գնում կամ ի՞նչ եք անում։

– Որպես հայ կոմպոզիտոր՝ շատ կապված եմ իմ հողին, երբ այստեղ չեմ լինում, ոգեշնչման պակաս եմ ունենում, ինձ մոտ առաջանում է ստեղծագործական սով, այդ իսկ պատճառով այսօր հայրենիքում եմ ստեղծագործական լիցքեր ստանալու համար:

– Ստեղծագործելուն զուգահեռ հանդես եք գալիս որպես դաշնակահար, ինչպե՞ս է կատարող լինելը նպաստում ձեր ստեղծագործական գործունեությանը և ի՞նչ նշանակություն ունի այն ձեզ համար:

– Ինձ համար դաշնամուրն առանձնահատուկ նշանակություն ունի: Առաջին երաժշտական քայլերս սկսել եմ այդ գործիքից, և այն եղել է իմ երաժշտական գործունեության անբաժանելի մասը: Դաշնամուրն ինձ ինքնաարտահայտման մեծ հնարավորություն է տալիս: Կատարող լինելը մեծապես նպաստում է իմ ստեղծագործական աճին, հնարավորություն է տալիս ավելի լավ զգալ երաժշտությունը և երաժշտությանը նայել այլ տեսանյունից:

Արտասահման մեկնող արվեստագետները սովորաբար չեն վերադառնում, ինչպիսի՞ պայմաններ են հարկավոր, որպեսզի հնարավոր լինի ապրել և ստեղծագործել Հայաստանում։

– Ամենահիմնական գործոնները, որոնք արվեստագետին դրդում են հեռանալ հայրենիքից, դա հասարակության անտարբերությունն է արվեստի նկատմամբ, ստեղծագործական գործունեություն ծավալելու և արվեստով ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորության բացակայությունը:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք կյանքի կոչելու։

– Այժմ աշխատում եմ իմ դոկտորական աշխատանքի վրա, որը մեծածավալ ստեղծագործություն է նվագախմբի համար: Նպատակ ունեմ նաև առաջիկայում թողարկել իմ դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակը:

– Ի՞նչ կցանկանայիք հաղորդել իրենց առաջին քայլերն անող երիտասարդ հայ կոմպոզիտորներին:

– Կցանկանայի, որ մեր երիտասարդ կոմպոզիտորները լինեին ավելի համարձակ, չվախենային ինքնարտահայտվելուց, լինեին իրենք իրենց հավատարիմ և ավելի անկեղծ իրենց երաժշտության մեջ:

Զրուցեց Մարինե Ամիրյանը




Լրահոս