Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի 2026-ին մանդատը պահպանած ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ գույք և եկամուտներ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը տարբեր տարիներին, ինչպես նաև՝ ինչպես է փոխվել նրա ունեցվածքը։

 Իսկ ինչ սկանդալներով է հայտնի ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը

Բացի գույքային հայտարարագրերից, հանրային շրջանակներում և մամուլում պարբերաբար արծարծվում են պատգամավորի անվան շուրջ ծավալված մի շարք սկանդալներ, որոնք հիմնականում կապված են ադրբեջանական շրջանակների հետ նրա ունեցած  կապերի հետ։ Շրջանառվող լուրերի և հանրային խոսակցությունների համաձայն՝ Մարիա Կարապետյանը հայտնի է նրանով, որ ունի ադրբեջանցի ընկեր, ինչպես նաև նշվում է, որ հաճախ հենց ինքն է դիմավորում և ուղեկցում Հայաստան ժամանող ադրբեջանցի պատգամավորներին։

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի նախկինում գրել էր, որ  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումները և նրա կառույցի ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել էր անձամբ Մարիա Կարապետյանը՝ իր ադրբեջանցի ընկերների հորդորով, որոնք կապված են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ։ Ըստ աղբյուրի՝ նպատակ է եղել Թաթոյանին փոխարինել մեկով, ով գերիների և անհետ կորածների հարցը չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման օրակարգից։

Նույն ալիքը նաև հիշեցնում է, որ ժամանակին հենց Մարիա Կարապետյանն էր Ազգային ժողովի անցագիր տրամադրել տրանսգենդեր անձին, ով աղմկահարույց ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։

Ադրբեջանական կապերի մասին հրապարակումներով հանդես է եկել նաև «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով 2015 թվականին ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը Կարապետյանի մասնակցությանը։ Ըստ ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ յութուբում հրապարակած տեսանյութի, պատգամավորը պարել է խարույկի շուրջ և ասել. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»: Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան կառույցներում, մասնավորապես «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունում վերապատրաստված և դրա տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված Կարապետյանը խաղաղություն է քարոզում Հայաստանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հավակնություններ է ներկայացնում հայկական տարածքների նկատմամբ՝ խոսելով նոր պատերազմի մասին։

Այս ամենին զուգահեռ, ըստ 2023 թվականի հուլիսին կայքերում տարածված տեղեկությունների, պատգամավորի մայրը՝ Աիդա Հայրապետյանը, սոցիալական հարթակներում սեռական բնույթի հայհոյանքներով է պատասխանել այն քաղաքացիներին, ովքեր քննադատել են իր դստերը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն կողմ արտահայտվելու համար: Իսկ դեռևս 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Կարապետյանի բնակության վայրում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ:

Ընդհանուր առմամբ, 2021-2025 թվականներին Մարիա Կարապետյանի գույքային պատկերը գրեթե չի փոխվել․ սակայն  եթե 2020 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 7 մլն 670 հազար դրամ, 2025 թվականին՝ արդեն 14 մլն 73 հազար դրամ։

Այսպիսով, պատգամավորի տարեկան եկամուտը հինգ տարվա ընթացքում աճել է մոտ 6.4 մլն դրամով՝ գրեթե 1.8 անգամ ավելանալով։

Հիշեցենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մարիա Կարապետյանը Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նա կրկին պատգամավոր դարձավ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ևս պահպանեց պատգամավորական մանդատը։

2020 թվական

2021 թվականի հայտարարագրի համաձայն Մարիա Կարապետյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերել 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Տարվա ընթացքում նա որևէ անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։

Իսկ տարեկան եկամուտը կազմել է ՝ 7 մլն 670 հազար դրամ ՝ որը ստացել է ԱԺ-ից։

2021 թվական

2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում և վերջում Մարիա Կարապետյանը հայտարարագրել է նույն անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերել 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ գնման եղանակով։ Տարվա ընթացքում նա որևէ անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։

Պատգամավորը չի հայտարարագրել տրանսպորտային միջոց, արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, բանկային ավանդներ, թանկարժեք գույք կամ հանձնված փոխառություններ։

Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 28.63 ԱՄՆ դոլար, 30 հազար 862.2 դրամ, 618 հազար 819.7 դրամ, 11.62 եվրո և 44.55 լարի, իսկ տարեվերջին՝ 18.65 ԱՄՆ դոլար, 5406.2 դրամ, 417 հազար 377.8 դրամ, 10 եվրո և նույն 44.55 լարին։ Կանխիկ դրամը կազմել է 30 հազար դրամ։

2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 7 մլն 320 հազար 475.4 դրամ, որից 7 մլն 295 հազար 990 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 45 եվրոն՝ «ԱԿԲԱ» բանկից ստացված վարկ։ Տարվա վերջի դրությամբ ունեցել է նաև 45 եվրոյի վարկային պարտավորություն։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2022 թվական

2022 թվականին գույքային պատկերը չի փոխվել․ պատգամավորը կրկին հայտարարագրել է նույն բնակարանը, չի ունեցել ավտոմեքենա, ավանդ, արժեթղթեր, ներդրումներ կամ թանկարժեք գույք։

Բանկային հաշիվներում ԱՄՆ դոլարով մնացորդն աճել է 18.65 դոլարից մինչև 42.25 դոլար, դրամային հաշիվներից մեկը նվազել է 5406.2 դրամից մինչև 764.3 դրամ, մյուսը՝ 417 հազար 377.8 դրամից մինչև 332 հազար 800.2 դրամ։ Եվրոյով մնացորդը 10 եվրոյից դարձել է 10.01 եվրո, իսկ վրացական լարին մնացել է 44.55։ Կանխիկ դրամը կրկին կազմել է 30 հազար դրամ։

Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 7 մլն 874 հազար 840 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է եղել Ազգային ժողովից։ Վարկային պարտավորություններ տարվա վերջում չեն հայտարարագրվել։

2023 թվական

2023 թվականին ևս պատգամավորի միակ անշարժ գույքը մնացել է Արաբկիրի բնակարանը, իսկ մեքենա, արժեթղթեր, ներդրումներ, ավանդներ և թանկարժեք գույք չի հայտարարագրել։

Բանկային հաշիվներում տարվա վերջում ունեցել է 1 մլն 272 հազար 534 դրամ, 80 հազար 678 դրամ, ինչպես նաև 44.55 լարի։ Միաժամանակ դոլարային, եվրոյով և մեկ այլ դրամային հաշիվների մնացորդները զրոյացվել են։ Կանխիկ դրամը մնացել է 30 հազար դրամ։

2023 թվականի եկամուտը կազմել է 10 մլն 1 հազար 343 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է եղել Ազգային ժողովից։

2024 թվական

2024 թվականին Մարիա Կարապետյանի գույքային պատկերը կրկին չի փոխվել․ պահպանվել է նույն բնակարանը, մեքենա, արժեթղթեր, ավանդներ կամ թանկարժեք գույք չեն հայտարարագրվել։

Տարվա սկզբին նրա հիմնական բանկային հաշվում եղել է 1 մլն 272 հազար 534 դրամ, սակայն տարեվերջին այդ հաշվի մնացորդը դարձել է 0 դրամ։ Մյուս դրամային հաշիվը 80 հազար 678 դրամից նվազել է մինչև 5601 դրամ։ Վրացական լարիով մնացորդը պահպանվել է՝ 44.55 լարի, իսկ կանխիկ դրամը՝ 30 հազար դրամ։

2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 153 հազար 287 դրամ 90 լումա, որից 10 մլն 222 հազար 592 դրամը աշխատանքի վարձատրություն է, իսկ 2 մլն 930 հազար 695 դրամ 90 լուման՝ «ԱյԴի բանկ»-ից ստացված վարկ։ Նույնքան էլ կազմել է տարվա վերջի վարկի մայր գումարի մնացորդը։

Շահերի հայտարարագրում նա նշել է, որ «ԱՌՑԱՆՑ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2025 թվական

2025 թվականին նույնպես Մարիա Կարապետյանը հայտարարագրել է նույն բնակարանը, որը ձեռք է բերել 2010 թվականին։ Նա չի ունեցել ավտոմեքենա, չի հայտարարագրել արժեթղթեր, ներդրումներ, ավանդներ կամ թանկարժեք գույք։

Բանկային հաշիվներից մեկում տարվա սկզբին եղել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 122 հազար 433 դրամ 36 լումա։ Մյուս հաշվին մնացորդը 5601 դրամից աճել է մինչև 7334 դրամ 2 լումա։ Վրացական լարիով մնացորդը պահպանվել է՝ 44.55 լարի, իսկ կանխիկ դրամը՝ 30 հազար դրամ։

2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 73 հազար 591 դրամ 70 լումա, որից 12 մլն 855 հազար 525 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 1 մլն 218 հազար 66 դրամ 70 լուման՝ «ԱյԴի բանկ»-ից ստացված վարկ։ Տարվա վերջի դրությամբ նույն չափով պահպանվել է նաև վարկի մայր գումարի մնացորդը։

Շահերի հայտարարագրի համաձայն՝ Մարիա Կարապետյանը շարունակում է հանդիսանալ «ԱՌՑԱՆՑ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն առևտրային կազմակերպություններում մասնակցություն կամ պաշտոն չի ունեցել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս