Վահան Մարտիրոսյանը վաղուց գնված է եղել Ադրբեջանի կողմից. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք` Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանն այսօր Բաքվում մամուլի ասուլիսով է հանդես եկել, որտեղ հայտարարել է, թե ինքը հանդիսանում է Սերժ Սարգսյանի հանցավոր ու արյունոտ ռեժիմի քննադատ ու կշարունակի ջրի երես հանել այդ վարչակարգին որտեղ էլ որ լինի: «ՀՀ իշխանությունները ծեծի ու կտտանքների միջոցով ինձ փորձում էին ստիպել ընդունել հանցավոր ռեժիմի պայմանները: Սակայն ես հրաժարվեցի: Մենք խաղաղություն ենք ուզում»:

Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ, ով հայտարարեց, որ Վահան Մարտիրոսյանը վաղուց գնված է եղել Ադրբեջանի կողմից. «Երևի նա նաև հոգեկան ինչ-ինչ խանգարումներ ունի: Եթե իր հայտարարությունների մեջ ասում է` իբր իրեն հավատում էին, ապա ինչու է նա փախել Ադրբեջան: Ինչու չի գնացել այլ երկիր, թեկուզ Վրաստան: Ինչու է նա հենց Ադրբեջան գնացել: Գնացել և սկսել է շահարկել ինչ-որ խնդիրներ Ղարաբաղի, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին: Երևում է, որ այդ մարդը պարզապես գնված էր, ագենտ էր, փախել է, և հիմա նրան օգտագործում են մեկ այլ ձևով: Սա, փաստորեն, ոչ թե նրա հայտարարությունն է, այլ նրա տերերի, ում նա պատկանում է, նրանց խոսքերն է: Նրանց գաղափարներն է արտահայտում»:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ` Վ. Մարտիրոսյանը դավաճան է, իսկ այդպիսիք եղել են բոլոր ժամանակներում և բոլոր ազգերում: Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ արդի պայմաններում Հայաստանն էլ ունեցավ այսպիսի մի դավաճան, ով ցածր կարգի, որևէ մեկի կողմից չճանաչված, չհարգված և անհայտ մի կազմակերպության անդամ է. «Հարցն այն չէ, որ տարիներ շարունակ Հայաստանում դավաճան է ապրել: Դավաճանը չի կանգնի ասի, որ ինքը դավաճան է: Երբ նա արդեն զգում է, որ կարող է ձերբակալվել, անցնում է իր տերերի մոտ: Սա ընդունված պրակտիկա է»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

Հարցին` ինչ է սպասվում Վահան Մարտիրոսյանին, Դ. Բաբայանը պատասխանեց. «Դավաճանի հետ ինչ են անում: Նա կմնա Ադրբեջանում: Արդեն օգտագործված նյութ է, նրան այլ ձևով արդեն չի կարելի օգտագործել: Նա իրենից որևէ արժեք չի ներկայացնում»:

Իսկ եթե նա որոշի վերադառնալ, միանշանակ պետք է պատիժ կրի Հայաստանում:

Տաթև Հարությունյան




Լրահոս