«Իգլա»-ի գործով մեկ անձ ազատ է արձակվել. նա համագործակցել է ԱԱԾ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին «Իգլա»-ի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է` երեկ ԱԱԾ-ն ավարտեց այս գործով նախաքննությունը: Այս գործի շրջանակներում մեղադրյալներն էին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը եւ ես մեկ անձ, որը գտնվում է Վրաստանի իրավապահների հսկողության տակ:

Եվ այսպես, ArmLur.am-ի  հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը հաստատեց, որ մեղադրանքը մեղմացվել է, եւ գործով կալանավորվածներն այժմ մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

«Սա նշանակում է, որ մեր նախկին հայտարարությունները ճիշտ էին. այն հանգամանքը, որ իբր Վրաստանի Հանրապետությունից կամ այլ երկրից է բերվել զենքը, չի հիմնավորվել և այդ իսկ պատճառով նրանք հրաժարվեցին մեղադրանքից: Այժմ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իբր «Իգլան» Հայաստանում են ձեռք բերել, պահել»:

Ըստ պաշտպանի` Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, մեղմացված  մեղադրանքն ընդունել է մասնակի: «Նա ասաց, որ  մասնակի ընդունում է մեղադրանքը, բայց դա ոչ թե վերաբերում է, որ ինքը ձեռք է բերել ինչ-որ դիտավորության համար, այլ նշել է, որ ինքը բանակի համար զենք ձեռք բերելու մտադրություն է ունեցել ու հիմա էլ ունի նման մտադրություն և ասաց, որ ընդունում է այն փաստը, որ կապվել եմ անլուրջ անձանց հետ, ու դրա համար ինքն իրեն մեղավոր է ճանաչում: Բայց ասել է, որ վերջին պահին հրաժարվել է այդ զենքը գնել, որովհետև այն թերի զենք է եղել ու բանակին ոչ պիտանի»,- իր պաշտպանյալի դիրքորոշումը ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ ի սկզբանե Գաբրիելյանը նման ցուցմունք է տված եղել:

Աղաջանյանի խոսքով` Գաբրիելյանն իր ցուցմունքներում նաև ասել է, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին, ցանկություն ունեցել զենք տրամադրել բանակին: Սակայն զենքը ձեռք բերելու համար կապվել է ոչ վստահելի մարդկանց հետ, ովքեր վստահեցրել են, թե զենքը դրսից են բերել, օրինական ճանապարհով: Ըստ Աղաջանյանի` իր պաշտպանյալը, տեսնելով, որ այն ամբողջական չէ ու պիտանի չէ իրական նպատակին ծառայելու համար, հրաժարվել է դրանից:

Մեր հարցին` ինչ առնչություն ունեն այս գործին իր պաշտպանյալն ու Սամվել Բաբայանը, փաստաբանը նշեց. «Սամվել Բաբայանից նա խորհուրդ է հարցրել, ասել է՝ սենց մի զենք կա, ուզում եմ ասես՝ ինքն ինչ զենք է: Բաբայանն էլ ասել է, որ դա իրենից ոչինչ չի ներկայացնում: Նա միշտ ասել է, որ այս ամենի հետ Սամվել Բաբայանը կապ չունի, ուղղակի Սամվել Բաբայանն է ընդունել կապը այն առումով, որ իրեն բերել, ցույց են տվել»:

Պաշտպանից տեղեկացանք նաև, որ այն անձինք, որոնց հետ նա կապ է հաստատել, զենքի մասով կալանավորված  են: Նրանցից մեկն էլ Արմեն Պողոսյանն է:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ գործով մեկ անձի էլ ԱԱԾ-ն դեռեւս նախաքննության ընթացքում ազատ է արձակել համագործակցության համար: Ըստ մեզ հասած լուրերի` ազատ արձակված անձն այն մարդն է, որն անձամբ է իրավապահներին ցույց տվել զենքը եւ պատմել կատարվածի ողջ մարնամասները:

Քնար Մանուկյան




Լրահոս