Զոհվածի մայր եմ, մեկ ծաղիկն ի՞նչ էր, որ մարտի 8-ին որպես վերաբերմունք ինձ չուղարկեցին. զոհված հերոսի ընտանիքն անտեսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր։ Արմանը զոհվել է Ջաբրաիլում. նրա դին ադրբեջանցիները հայկական կողմին հանձնել են զոհվելուց մի քանի օր անց:

Այսօր Անդրեասյանների ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում: Արմանը ընտանիքի հինգերորդ՝ կրտսեր զավակն էր, մեկն այն հինգից, ում մայրը՝ Լիլիֆար Անդրեասյանը, բանակ էր ուղարկել, սակայն հինգերորդին՝ Արմանին, տիկին Լիլիֆարը այդպես էլ բախտ չունեցավ հետ՝ տուն դիմավորելու։

«Իմ գյոզալական էրեխուն տարան, ինքն էլ իր կյանքի գնով երկու զինվորի կյանք փրկեց՝ Արման Ավետիսյանի եւ Համբարձում Վարդանյանի։ Այդ տղաները եկան մեր տուն, խոսեցին, պատմեցին»,- լացակումած հիշում է տիկին Լիլիֆարը:

Պարզվում է, որ Արմանի մայրը հիվանդ է։ Գլխուղեղի անոթների խցանում ունի։ «Որոշ ժամանակ պառկեցի հիվանդանոցում, չօգնեց։ Վիրահատության պետք է ենթարկվեմ։ Վիրահատությունն արժի 2 մլն 200 հազար դրամ։ Դիմել եմ պաշտպանության նախաարարությանը, անարդյունք էր. ասացին` այդ վիրահատությունը գումարով է, պետք է վճարես գումարը, որ վիրահատվես։ Նամակ եմ գրել անգամ Սերժ Սարգսյանին, ապարդյուն։ Ե՛վ վիրահատությանս համար եմ դիմել, ե՛ւ անասնագոմի կառուցման։ Տան վերանորոգման խնդիր էլ ունեմ։ Սերժ Սարգսյանը ուղարկում է մարզպետարան, մարզպետարանը ուղարկում է գյուղապետարան, գյուղապետարանն էլ իր հերթին ուղարկում է կրկին մարզպետարան»,- ներկայացրեց նա։

Իսկ իշխանությունները չեն էլ ուզում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են իրենց հերոսի ծնողները։ «Արմանի զոհվելուց հետո ամուսինս էլ հիվանդացավ, հիվանդանոց չցանկացավ գնալ, տանն է բուժվում։ Տեսնում եմ՝ շատերին տներ են տվել, ապահովել են ամեն ինչով։ Բան չունեմ ասելու, շատերս ենք որդիներ կորցրել քառօրյա պատերազմում, բայց ինչքանո՞վ է ճիշտ, որ բոլորին հավասար չեն համարում։ Էս անտեր երկրում հավասարություն չկա։ Իշխանությունները մեզ խաբում են ամեն հարցում։ Խոսք տվեցին, որ պետք է օգնեն` տունս վերանորոգեմ, խոսք տվեցին, որ պետք է օգնեն` անասնագոմ կառուցեմ։ Հետո սկսեցին ամենքն իրար վրա գցել ու մեզ վազեցնել մեկ մեկի մոտ, մեկ` մյուսի։

2016-ին երբեմն գալիս էին, գնում, հետո բոլորը կարծես ամեն ինչ մոռացան։ Ի դեպ, 2016 թվականին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն էր եկել մեր տուն, ուզում եմ իմանալ ինչու՞ էր քառասուն մեքենայով եկել, մեզնի՞ց էր վախենում։ Զոհվածի մայր եմ, մեկ ծաղիկն ի՞նչ էր, որ մարտի 8-ին որպես վերաբերմունք ինձ չուղարկեցին»,-հավելեց տիկին Լիլիֆարը։

Լյուսի Պողոսյան




Լրահոս