HSBC բանկի վրա հարձակված գնդապետը կոնկրետ չափով գումար է պահանջել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մայիսի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում ավազակային հարձակում էր իրականացվել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը դեմքը փակված, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել էր HSBC բանկ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Դանիելյանի հարձակումից: Մասնավորապես ոստիկանության գնդապետը կրակոց է արձակել դեպի առաստաղը, եւ արդյունքում պոկվել, հատակին էր ընկել ջահը: Դանիելյանը նաեւ կոնկրետ գումարի չափ է պահանջել բանկի կառավարիչից` 500 հազար դոլար: Բանկի կառավարիչն ասել է, թե իրենք այդքան կանխիկ գումար չունեն: Գնդապետը պնդել է, որ կա, ու պետք է բերի: Արդյունքում` մինչ բանկի կառավարիչը գնացել է գումարի հետեւից, բանկի պահնորդը մեջքից փորձել է բռնել ոստիկանության գնդապետին, որտեղից էլ սկսվել է ձեռնամարտը եւ ավարտվել անվտանգության աշխատակցի դանակահարությամբ. նա տեղում մահացել էր:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը բակում բավական շատ քաղաքացիներ են եղել, եւ վերջիններս այնքան են վախեցել կատարվածով, որ բանկում են թողել իրենց փաստաթղթերը եւ հեռացել: Հիմա այդ փաստաթղթերն իրավապահների մոտ են, եւ ասում են` այս քայլով իրավապահները լուծել են վկաներ ունենալու, նրանց հեշտությամբ հարցաքննության հրավիրելու հարցը, քանի որ կոնկրետ գիտեն` ովքեր են դեպքի պահին եղել տեղում:




Լրահոս