14 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թվականի հոկտեմբերի 29-ին իրավապահները բացահայտեցին 14 տարվա սպանության դեպք: Ըստ նախաքննական մարմնի` 2019 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 22:40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին եւ վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը՝ Նինա Յաղուտյանին հյուրընկալելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան եւ թաքցրել դին տան նկուղում:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով: 14 տարի առաջ Նինա Յողուտյանին սպանելու գործով կալանավորվեց Վարդան Սիմոնյանը, որին  դատարանը 10 միլիոն դրամ գումարի դիմաց պատրաստ է  ազատ արձակել: Այս հանգամանքը խիստ զայրացրել է 14 տարի առաջ սպանված Նինա Յաղուտյանի հարազատներին,   որոնք պնդում են, որ Վարդան Սիմոնյանը միայնակ չի գործել, այլ խմբակային են սպանել իր քրոջը: Իսկ ինչպե՞ս էին իրավապահները բացահայտել 14 տարվա սպանության դեպքը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 1937 թվականին ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, գողացել նրա ոսկյա զարդերը եւ դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում: Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվող նկուղում հայտնաբերվել եւ առգրավվել են մարդու դիակի մասունքներ` գանգ, ոսկորներ, ինչպես նաեւ հագուստներ եւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նինա Յաղուտյանի քույրը՝ Ռիտա Յաղուտյանը,  «Արմլուր» լրատվականի հետ զրույցում պատմեց, թե ինչպես 2005 թվականին քույրը հայտնվեց Վարդան Սիմոնյանի տանը եւ ինչ կատարվեց:

Ըստ Ռիտա Յաղուտյանի՝ իր քրոջ Նինա Յաղուտյանի ամուսինը մահացել էր 1997 թվականին, եւ քույրը մնացել էր մենակ. «Քույրս տունը վաճառեց եւ ամուսնու գերազմանը սարքեց, որից հետո գնաց Ռուսաստան՝ եղբորս մոտ, բայց օդը լավ չէր ընդունել ու հետ վերադարձավ Հայաստան: Իմ տանն էր մնում, ես հո քրոջս մենակ չէի՞ թողնելու,  բայց մի օր էլ ասեց, որ ուզում է գնալ իր ամուսնու հարազատների հետ ապրել, սիրուն չէ, փեսա կա տանը: Մի խոսքով, ինձ շատ համոզեց ու գնաց»:

Ռիտա Յաղուտյանի խոսքով՝ իր քույրը գնում եւ ապրում է մահացած փեսայի հորաքրոջ աղջկա տանը. «Ես պնդում եմ, որ Վարդան Սիմոնյանը, որ փեսայիս հորաքրոջ աղջկա տղան  է, մենակ չի սպանել քրոջս, նրանք խմբակային են սպանել Նինային:  Մենք քրոջս ասում էինք՝ դրանք խուլիգաններ են, գլուխդ կուտեն, ինչո՞ւ  ես գնում նրանց հետ ապրում, բայց նա ասում էր, որ ոչ մի բան էլ չեն անի: Քույրս 3 կիլոգրամ ոսկի ուներ, տվեցի իրեն ու ասեցի՝ զգույշ կլինես»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ մի օր Վարդան Սիմոնյանը եռման ճաշը լցրել է  քրոջ վրա եւ հոսանքահարել.«Քույրս եկավ մեր տուն, ասեցի՝ էս ի՞նչ է վիճակդ, հորդորեցի՝ էլ չգնա դրանց մոտ, բայց նա չլսեց ինձ իր խելքից: Մոտ մեկ շաբաթից ավել անցավ, գնացինք քույրերով մեր քրոջը տեսնելու, եւ մեզ ասեցին, թե Նինան գնացել է Թուրքիա: Ես չհավատացի, դիմեցի ոստիկանություն, որ քրոջս գտնեն, բայց ոչ մի բան չարեց ոստիկանությունը: Հեղափոխությունից հետո որոշել էի՝ գնալու եմ ոստիկանություն ու խնդրեմ՝ բացահայտեն դեպքը, բայց մինչեւ ես կդիմեի, ոստիկաններ եկան մեր տուն ու ինձ  հրավիրեցին բաժին ու սկսեցին հարցեր տալ:

Այդտեղից հետո ես իմացա, որ ամեն ինչ բացահայտվել է, նրանք քրոջս դաժանաբար են սպանել, ու Վարդան Սիմոնյանը միայնակ չի գործել: Եւ հիմա էլ ասում են, որ 10 միլիոն գրավի դիմաց ազատ են արձակելու, մենք թույլ չենք տա՝ նման բան լինի»:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԵՆԶԻՆԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Պարզվել է, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միեւնույն ընկերությունից 2019թ. ապրիլին եւ հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ եւ 9930լ ռեգուլյար բենզինի կտրոններ: Արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ: Ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ.ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, երեկ հետաձգել է սահմանադրական կարգի տապալման գործով հերթական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել այդ նիստին: Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը չի կարող անցկացվել՝ այն հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին՝ ժամը 13-ին:

 

 

ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ: Ա. Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողները մայիսի 18-ին բերման են ենթարկել 40-ամյա Գարիկ Գ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Յամալոն-Նենեցու Ինքնավար Շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունից գումար է պահանջում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գումարի պարտքը կազմում է 167 850 դրամ: Աս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ սնանկության դատարանի մարտի 29-ի վճռով ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը սնանկ ճանաչվեց: Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա հուլիսի 1-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար:Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել: Նշենք, որ իրավապահ համակարգը հեղափոխությունից հետո՝ մինչ օրս, չի կարողանում Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձնել Հայաստան:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

ԱԻՆ աշխատակիցները Սեւանա լճում վերսկսել են ապրիլից կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները: Երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան եւ հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է եղել  ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ ավտոմեքենան եւ իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.): Ապրիլի 29-ից մայիսի 5-ը, մայիսի 13-ին, 15-ին, 18-ին լողափի տարածքում մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

 

 




Լրահոս