ԴՐԱՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ, ԲԱՅՑ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) հոկտեմբերի 12-ին՝ կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին, կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

 

Հայտարարության մեջ ասվում էր. «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին եւ բացահայտ աջակցությունը հարցի ռազմական ճանապարհով լուծմանը՝ բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, եւ դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձեւավորումը եւ ուղղորդումն ադրբեջանաղարաբաղյան ճակատ»:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Էստոնիայի պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Ուրմաս Էսպենբերգի հետ:

-Պարո՛ն Էսպենբերգ, ի՞նչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին: Վերջին մի քանի տարիներին այդ տարածքում լարվածություն է, այժմ էլ վերածվեց այդ ամենը պատերազմի: Ինչո՞ւ՝ ըստ Ձեզ:

-Միանշանակ դժվար է ասել, բայց, իմ կարծիքով, այդ ամենի պատճառը Թուրքիայի հավակնությունների մեծացումն ու ավելի հզոր իսլամական կայսրության կամ սուլթանաթի ստեղծումն է: Իսկ երկրորդ պատճառը կարող է լինել Ռուսաստանի Դաշնության կողմից թուլությունն ու այս դեպքում նաեւ պասիվությունը: Ադրբեջանական կողմը, իհարկե, հաշվարկել է, որ սա լավ հնարավորություն է եւ լավ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան վերադարձնել սովետական շրջանի տարածքները:

-ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, Եվրամիությունը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց ռազմական գործողությունները ընթանում են. ինչո՞ւ:

-Էմոցիաները մեծանում են, պաշտպանվողները (հայերը) չեն հանձնվում, հարձակվողները (ադրբեջանցիները) հաղթանակի հույսեր ունեն: Իմ կարծիքով՝ հայկական եւ ադրբեջանական կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելու ուղղությամբ քայլերը, եթե արդեն արվում են, ավելի շատ պետք է լինեն, պետք է կրկին ու կրկին փորձել:  Միգուցե պետք է սանկցիաներ կիրառվեն, բանկային հաշիվներ սառեցվեն, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Իհարկե վերջինս շատ լավ է բանակցություններում, սակայն մենք չգիտենք՝ նա կշարունակի նախագահ լինել, թե ոչ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս վատ բանակցող չէ, բայց ավելի շատ ջանքեր են պետք:

-Այդ դեպքում ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից, եթե հայտարարություններն արդյունք չեն տալիս:

-Միջազգային հանրության կողմից աջակցությունը շատ կարեւոր է, հատկապես հոգեբանական աջակցությունը: Վերջապես հակամարտող կողմերը պետք է հրադադար ստորագրեն: Շատ պատերազմներ կան, որ տարիներով են ընթանում, բայց ԵՄ-ն, նաեւ ՄԱԿ-ը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

-Իսկ ի՞նչ կարող եք ասել Անկարայի եւ սիրիացի ահաբեկիչների մասնակցության մասին:

-Երրորդ անձանց եւ երկրների միջամտությունն անթույլատրելի է. դա կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ եւ հանգեցնել ավելի լուրջ կոնֆլիկտի: Սիրիացի ահաբեկիչների մասնակցությունը եւս անթույլատրելի է, չնայած որ այդպիսի մեթոդներ օգտագործվում են տարբեր կոնֆլիկտներում:

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն 28 տարի անկախ է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ երկիր չի ճանաչել այն, եւ  կա՞ն արդյոք հնարավորություններ այս պահին նման արդյունքի հասնելու համար:

-Բոլորին է հայտնի, որ դրանք հայկական տարածքներ են, սակայն միջազգային իրավունքը, ցավոք սրտի, Ադրբեջանի կողմն է, ճիշտ այնպես, ինչպես Ղրիմի պարագայում: Սովետական շրջանում հատկապես Ստալինը շատ է այնպիսի քայլեր արել, որոնք հանգեցրել են ամենուր կոնֆլիկտների: Ահա եւ մի քանի պատմական պատճառներ: Սակայն միշտ էլ կարելի է բանակցել, հասնել կոմպրոմիսի եւ, իհարկե, փոխզիջումների: Առանց փոխզիջումների հարցի կարգավորումը հնարավոր չէ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Արցախաադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց:

 

Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետեւանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաեւ մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները:

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաեւ մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում:

Հիշեցնենք, որ, արձագանքելով նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի նամակներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի եւ վնաս հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, մշակութային եւ կրոնական վայրերին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ էր արել նաեւ զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց, ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա եւ դրա ուղեցույցներին համահունչ:

Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների եւ համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով եւ հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաեւ ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում:

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՄԻՋԱԴԵՊ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Լեւոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի հունիսի 15-ին եւ 2020 թվականի հուլիսի 31-ին մեկ միասնական դիտավորությամբ գրավոր ձեւով անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, որն արտահայտվել է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանին վիրավորելով:

Այսպես, ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը 2019թ. հուլիսի 9-ին դռնբաց դատական նիստում քննության է առել «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Գեւորգյանի որոշման դեմ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ Լեւոն Մանուկյանի ներկայացրած բողոքը:

Լեւոն Մանուկյանի ներկայացուցիչներ Ա. Գալստյանը եւ Ս. Սարգսյանը դատավոր Թաթուլ Պողոսյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել է ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Պողոսյանի որշումը: Այնուհետեւ՝ 2020թ. մարտի 9-ին, Լեւոն Մանուկյանի ներկայացուցիչ Ա. Թումասյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 26.11.2019թ. որոշման դեմ ներկայացրել է Վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բողոքը թողել է առանց քննության, եւ այդ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից:

Դրանից հետո՝ 2020թ. հունիսի 15-ին եւ 2020թ. հուլիսի 31-ին, Ա. Մանուկյանը մեկ միասնական դիտավորությամբ դիմումներ է հասցեագրել ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին, որոնք նշված դատարանի Մասիսի նստավայրի գրասենյակում մուտք են եղել համապատասխանաբար 2020թ. հունիսի 26-ին եւ 2020թ. օգոստոսի 4-ին, որոնցում Լեւոն Մանուկյանը գրավոր ձեւով անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, այն է՝ Լեւոն Մանուկյանն իր կողմից ներկայացված դիմումներում գրավոր ձեւով հրապարակել է դատավոր Թաթուլ Պողոսյանի գործունեության վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կապված վերջինիս նախագահությամբ իր ներկայացրած բողոքը քննելու եւ մերժելու հետ:

 




Լրահոս