ՀԱՅՏՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՎԻ ՉԱՓԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատ արձակեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Ծառուկյանի պաշտպանները անցյալ շաբաթ դիմել էին դատարան՝ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու համար։ ԲՀԿ ղեկավարի դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու եւ հողատարածքների օտարման փաստերով։ Նա կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին։

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը միակ պաշտոնյան չէ, որ գրավի դիմաց ազատ է արձակվում: Armlur.am-ը ներկայացնում է այն հայտնի պաշտոնյաներին, որոնք գրավի դիմաց ազատ են արձակվել:

2020 թվականի հունիսի 18-ին «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

2018 թվականին դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել գեներալ Մանվել Գրիգորյանը։ Հիշեցնենք որ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

2018 թվականի դեկտեմբերի 30-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Ապօրինի հարստացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանը մեկ անգամ արդեն կալանավորվել էր ամռանը, ապա 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել։ Երկրորդ անգամ նա կալանավորվեց նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 13-ին բավարարեց կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Վերջինիս պաշտպանը «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը եւ անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։

2008-ին Երեւանի կայազորի պետի, ապա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

2018 թվականի դեկտեմբեր 27-ին գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է, նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ մականունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Վերլուծելով իրավիճակը՝ մինչ այժմ ամենամեծ գրավը՝ 2 միլիարդ դրամ, վճարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

 

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է եւ ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։ «Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաեւ միջազգային կառույցների հետ»,-նշել է ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։

 

 

ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է

«Բարձունքը մերն ա, կամանդի՛ր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…». երեկվանից ողջ համացանցը ողողված է հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող Սարմեն Այվազյանի վերջին մարտական կռվի մասին հիշատակումներով: Սարմենը, նռնակներով սողալով, կարողացել է հասնել հակառակորդի խրամատ եւ ոչնչացրել հակառակորդի բոլոր զինծառայողներին, սակայն վերջին պահին թշնամու զինծառայողներից մեկը կարողացել է մահացու վնասվածք հասցնել նրան: ArmLur.am-ի հետ զրույցում քաջարի Սարմենի մասին հպարտության եւ միեւնույն ժամանակ սրտի ծանր կսկիծով պատմել է նրա հայրը՝ Սամվել Այվազյանը: Սարմեն Այվազյանը նոր էր դարձել 19 տարեկան, ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր, ինքը երեխաներից մեծն էր:  Նորօրյա հերոսը դեռ  դպրոցական տարիքից Հայոց պատմություն առարկայի նկատմամբ յուրահատուկ սեր է ունեցել, այդ իսկ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ:

 

 

ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /covid-19/ պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթի եւ Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։  Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։ Այն քաղաքացիները, որոնք արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.00-17.00-ը, կարող են ներկայանալ Շենգավիթի եւ Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։

 

 

 

ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ՊԱՐԶ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ

ArmLur.am-ը Արցախում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է պատմաբան, Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի նախկին նախարար Ալֆրեդ Բոշի հետ:

-Պարո՛ն Բոշ, Արցախում սեպտեմբերի 27-ից պատերազմ է: Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Ես չեմ կարող դասեր տալ հատկապես այս իրավիճակում: Ես կարող եմ ասել, որ հիմնական կանոններն ամենուր նույնն են: Եվ նույնը ես կցանկանայի տեսնել իմ երկրի՝ Կատալոնիայի նկատմամբ: Խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է գերակշռեն ամենուր: Մենք միջնադարում չենք:

-Որքանո՞վ կարող է իրավիճակի փոփոխության վրա ազդեցություն ունենալ միջազգային հանրությունը, օրինակ՝ Մինսկի խումբը, ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը:

-Միջազգային հանրությունը երբեմն հակված է դանդաղ եւ անվճռական լինել: Բացի այդ, աշխարհին պետք է տեղական համայնքների համագործակցությունը, որպեսզի օգնեն լուծումներ գտնել: Բայց յուրաքանչյուր անգամ, երբ այդպիսի հնարավորություն է ստեղծվում, բազմակողմ մարմինները պետք է աջակցեն խաղաղությանը եւ ժողովրդավարությանը, որն իր մեջ ներառում է հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

-Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի դերի մասին: Արդյոք այն փոխո՞ւմ է իրավիճակը:

-Ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, այնպես էլ Թուրքիան պետք է հետեւի այս աշխարհի վրա համատեղ ապրելու համար սահմանված բոլոր կանոններին: Խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է հաղթեն:

-Իսկ որքանո՞վ կարող է իրավիճակի հանգուցալուծմանը նպաստել Արցախի անկախության ճանաչումը: Այն այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք:

-Կատալոնիայի կառավարությունն արդեն ներկայացրել է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով, որը, նկատենք, ավելի պարզ եւ համարձակ է, քան աշխարհի այլ երկրների կառավարությունների եւ խորհրդարանների տեսակետները:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները եւ սատարել է կողմերի միջեւ կառուցողական բանակցությունները՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 




Լրահոս