Կրեմլում չեն մեկնաբանում Ադրբեջանը Նախիջևանին միացնող միջանցքի մասին Ալիևի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ Նախիջևանը միացնող միջանցքի գաղափարին: Սրա հետ մեկտեղ, Կրեմլի խոսնակն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկում են:

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել, և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել գաղափարին։

Պեսկովն այսօր ասել է, թե Ալիևի կոնկրետ այս հայտարարությունը չի մեկնաբանի, սակայն հավելել է․ – «Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում նշել ենք, որ պետությունների ղեկավարները այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը»:




Լրահոս