ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում գրել է․
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:
Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
Սահմանադրական այս երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պարագայում խոսքը գնում է քաղաքացիների մեծամասնության մասին:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:
Ավելին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:
Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը, միմյանց նկատմամբ հարգանքն ու համերաշխության երաշխավորման հրամայականը»: