Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարել 741 ընտանիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ուղերձ է հղել՝ միջանկյալ հաշվետվություն ներկայացնելով 2020-ի աշխատանքների վերաբերյալ:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (այսուհետ՝ Հիմնադրամ) իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` հատուցումներ կատարելով մարտական գործողությունների հետևանքով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:

Հատկապես այս տարի կարևորվեց Հիմնադրամի գործունեության անհրաժեշտությունը, քանզի սեպտեմբերի 27-ին մեր թշնամիների կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց կորուստների աննախադեպ աճի:

Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք լծվեցինք համազգային նվիրաբերական դրամահավաք կազմակերպելու գործին, քանզի ենթադրում էինք, որ այդ գումարների կարիք լինելու է: Ի վերջո պատերազմ էր: Այս տարի մենք ստացել ենք 7.4 միլիարդ դրամի չափով նվիրաբերություններ` աշխարհի շուրջ 70 երկրներից:

Պատերազմի հարաբերական դադարից հետո մեր հաջորդ աշխատանքն էր սկսել ծնող, զավակ ու ամուսին կորցրած մեր հայրենակիցներին հատուցումներ կատարելը:

Այս տողերը գրելու պահին Հիմնադրամը հատուցումներ է կատարել արդեն 741 ընտանիքների: Գործընթացն ինտենսիվ շարունակվելու է 2021 թվականին` մինչև հատուցումներ կատարենք բոլոր զոհված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին:

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը մեզ համար արժեքներ են: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունը` 2021 թվականի ապրիլին ամբողջականը հրապարակելու խոստմամբ:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում 1000 դրամներ վճարած մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարած մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնած բոլոր անհատներին ու կազմակերպություններին ու, ի վերջո, օրնիբուն Հիմնադրամի աշխատանքներն իրականացրած մեր բոլոր կամավորականներին: Շնորհակալ եմ»:




Լրահոս