ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը։ Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ։

 

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի եւ տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողը Ալիեւի այցն է Շուշի քաղաք, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ եւ հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։

Հուշագրում ասվում է նաեւ, որ այդ այցերի սադրիչ եւ հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին: «Ադրբեջանի նման ապակառուցողական եւ հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:

Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման եւ այդ տարածքներում պետականության ձեւավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլեւ տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:

Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ցանկացած օրենսդրական եւ վարչական գործողություններ, ներառյալ հողի եւ ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում եւ բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով եւ չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան նույնպես չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական եւ պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:Հուշագրում ընդգծվում է, որ միայն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը, որը կվերացնի դրա հիմնական պատճառը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքները չճանաչելու հետ, կուղղի Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման հետեւանքները եւ թույլ կտա վերականգնել վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը:

 

 

 

 

ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 766 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ, որում կապիտալ ծախսերը՝ 46 մլրդ դրամ:

 

Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: Նախարարը հիշեցրել է 2020 թվականի ընթացքում բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին, այնուհետեւ ներկայացրեց ցուցանիշները, որոնք վերաբերում են 2020 թվականի առաջին կիսամյակին:

«Եթե անդրադառնանք կիսամյակի սկզբնական ծրագրին, 808 մլրդ դրամ է եղել եկամուտների համար, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ շուրջ 97.7 տոկոս կամ 717 մլրդ դրամ: Ծախսերի համար մենք ունեցել ենք մոտ 766 մլրդ դրամի ցուցանիշ կամ ճշտված ծրագրի 82.6 տոկոսը, համապատասխանաբար շուրջ 49 մլրդ դրամ է կազմել պակասուրդը»,-ասել է  նախարարը:

Ամենամեծ կշիռն ընդհանուր եկամուտների մեջ ունեցել են հարկային եկամուտները: Առաջին կիսամյակի ծրագրով հարկային եկամուտների կշիռը ծրագրված է եղել, որ կկազմի շուրջ 94 տոկոս, սակայն այն կազմել է մոտ 95 տոկոս:

Այսպիսով, կիսամյակի ընթացքում կատարված ծախսերի մակարդակը եղել է շուրջ 766 մլրդ դրամ: «Դրա մեջ համեմատաբար համեստ մաս է ունեցել կապիտալ ծախսերի մասը՝ 46 մլրդ դրամ, մնացածը եղել են ընթացիկ ծախսերը: Մեծ կշիռ է ունեցել կենսաթոշակների եւ նպաստների մասը, որի համար օգտագործվել է ծախսերից շուրջ 267 մլրդ դրամ: Կշիռով հաջորդ համեմատաբար մեծ մասն ունեցել են դրամաշնորհները, տոկոսավճարները՝ պետական պարտքի սպասարկման համար, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումները, ինչպես նաեւ աշխատավարձերը»,-ասել է նա:

Անդրադառնալով պարտքին՝ նա մեկնաբանել է. «Մենք ունեցել ենք 7.7 մլրդ դոլար պետական պարտքի մակարդակ՝ արձանագրված կիսամյակի արդյունքներով, որից կառավարության պարտքը եղել է շուրջ 7.24 մլրդ դոլար, իսկ ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար: Ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար»:

 

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձ Սարիգյուղ համայնքը մոտ 1460 բնակիչ ունի։ Գյուղը մշտապես ունեցել է խմելու ջրի պակաս։ Խմելու ջրի հիմնահարցը վերջնականապես  լուծելու համար 2019-2020թթ. Կիրանց գյուղի տարածքից ձգվող 6 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել, սակայն այն չի լուծել Սարիգյուղը խմելու ջրով ապահովելու հարցը։ 2021թ. փետրվարի 17-ին Տավուշի  մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել  Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում 2019-2020 թվականներին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ջրամատակարարմանհամակարգի շահագործման  հանձնման գործընթացում առկա խնդիրների ուսումնասիրության նպատակով ստեղծել  Տավուշի մարզպետարանի հանձնաժողով։

Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանը, անդամներ՝  Տավուշի մարզպետարանի տարբեր վարչությունների պաշտոնյաններ  եւ Սարիգյուղ համայնքի ղեկավար Սեյրան Սարիբեկյանը։ Մարզպետը որոշել է հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնել Սարիգյուղում խմելու ջրագիծ  նախագծած եւ կառուցած կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ տեխնիկական հսկողություն իրականացրած պատվիրատուին։

Մարզպետ Չոբանյանը հանձնաժողովին հրահանգել է 20 օրվա ընթացքում եզրակացություն ներկայացնել Սարիգյուղի ջրամատակարարման համակարգի շահագործման հանձնման գործընթացում առկա խնդիրների, ինչպես նաեւ առաջարկություններ հնարավոր լուծումների վերաբերյալ։

Սարիգյուղի ջրամատակարարման համակարգում առկա խնդիրների ուսումնասիրության նպատակով մարզպետարանի հանձնաժողով ստեղծելու առաջարկով Տավուշի մարզպետին  դիմել է  2018թ. դեկտեմբերի 19-ից Սարիգյուղ համայնքը ղեկավարող Սեյրան Սարիբեկյանը։ Նա հայտնեց, որ Սարիգյուղի խմելու ջրի ծրագիրը հաստատվել է Սարիգյուղ համայնքի նախկին ղեկավար Կոմիտաս Էլլարյանի պաշտոնավարման շրջանում, շինարարությունն իրականացվել է իր պաշտոնավարման ժամանակ։ Համայնքի ղեկավարը Սարիգյուղի ջրամատակարարման  այդ ծրագրի մասին  այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։ Կիրանց գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան  հորից Սարիգյուղ 6 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը  տրամադրել է 115 միլիոն դրամ, Սարիգյուղ  համայնքի ներդրումը կազմել է 3 միլիոն 450 հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս