ԴԱՎԹՅԱՆԸ «ՎԵՆԴԵՏԱ» Է ՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։ Եվ որպեսզի ամեն ինչ հնարավորինս հարթ ընթանա, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այսպիսով, ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով հեռացված, ապա իրավական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենյակ վերադարձած Արտակ Դավթյանը մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին եւ պահանջել էին նրա հրաժարականը: Հիշեցնենք, որ Գասպարյանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թվով 40 զինվորականներ։ Իհարկե, հիմնական թիրախներից մեկը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպես արցախյան 44-օրյա պատերազմում, այնպես էլ տավուշի հուլիսյան դեպքերի ժամանակ ակտիվությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկավ։

Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։

Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

 

 

 

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաեւ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաեւ Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաեւ հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: «Հայաստանի հասարակության մի հատվածը բացասական արձագանքեց բանակցությունների արդյունքին, սակայն կա մի թեւ, որը աջակցում է նրան, իհարկե, ավելի քիչ, քան 2018-ին: Նիկոլ Փաշինյանի համար սա նոր իրողություն է, եւ, իհարկե, այստեղ կարեւոր է աջակցությունը, որպեսզի ավելի վստահ գնա ընտրությունների», – կանխատեսեց ռուս քաղաքագետը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Գրել էինք, որ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ ղեկավարի հետ Թորոսյանն արդեն լարվել է։ Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Թորոսյանի թիրախում այս պահին Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներն են՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը տարբեր ձեւաչափերում հանդիպումների ու քննարկումների ժամանակ ակնհայտ ցույց է տվել, որ տեսչության ղեկավարների աշխատանքներից դժգոհ է, ու առաջիկայում իրենք պետք է ազատվեն պաշտոններից: Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որին նախօրեին արձակուրդ են ուղարկել, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ում եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս պաշտոնյաները, հնարավոր է, այլեւս չվերադառնան արձակուրդից իրենց աշխատանքին, քանի որ Արսեն Թորոսյանը կոնկրետ այս անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է այնպիսի տեղեկություններ, որոնք նրանց դեմ են եղել եւ կարող են հիմք հանդիսանալ նրանց ազատման համար: Թորոսյանը մարդիկ ունի, որոնց պատրաստվում է առաջիկայում նշանակել այդ պաշտոններում:

 

 

 

Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երեւանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երեւանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  իշխանությունները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հույսները կտրել են, անգամ նրա աշխատակազմը ընդդիմադիր է քաղաքապետին։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դժգոհ է քաղաքապետից, նա չի պատասխանում թիմից որեւէ մեկի հեռախոսազանգերին։ Վարչապետը վերջնական նպատակ ունի ազատվել Հայկ Մարությանից։

 

 

 

 

 

 




Լրահոս