Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 956 հազար 900 էր, այսինքն` 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7000-ով է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:

Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4900-ով ավելացել է: Ահա Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու արդյունքը: Հայաստանում ավելացել է նաեւ ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 3 ամիսներին ծնվել է 8583 երեխա: Ընդ որում, ծնվածների թիվն ավելացել է՝ ե՛ւ 2019, ե՛ւ 2020 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ։ 2019 թվականի 3 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7952, 2020-ին՝ 7578, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 1005-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս